Երևանի արտադրամասում գրանցված կորոնավիրուսի դեպքը մեզ համար անկառավարելի զարգացում է ունեցել. վարակի դեպքեր ենք արձանագրել Երևանի և Չարենցավանի այլ արտադրամասերում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

19:02 • 24.03.20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովրդին՝ կապված կորոնավիրուսի համավարակի և երկրում արտակարգ դրության հետ։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի հաստատման 249 դեպք՝ 14 դեպք ավելի, որոնցից երկուսը բուժվել են։

«Պացիենտների մեծ մասը գտնվում է Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուսները հանրապետության այլ բուժհաստատություններում: Նրանց մեծ մասը այս պահին նույնիսկ ջերմություն չունի, ինչը հույս է ներշնչում, որ շատերը կբուժվեն նույնիսկ առանց որևէ բժշկական միջամտության և նրանց այս պահին հիվանդանոցում գտնվելու հիմնական իմաստն այն է, որ չվարակեն ուրիշ քաղաքացիների»,- նշեց վարչապետը։

 

Վարչապետի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ 868 մեկուսացված քաղաքացիներ կան, 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում։

«Հույս ունեմ՝ նրանք բոլորը ճշգրտորեն կպահպանեն մեկուսացման պայմանները: Ինչ վերաբերվում է վարակի տարածման աշխարհագրությանը, այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեպքեր ունենք մայրաքաղաք Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզերում»,- նշեց նա։

Փաշինյանը նշեց նաև, որ Երևանի արտադրամասում գրանցված կորոնավիրուսի դեպքն անկառավարելի զարգացում է ունեցել. վարակի դեպքեր են արձանագրվել Երևանի և Չարենցավանի այլ արտադրամասերում:

Նրա խոսքով՝ Կառավարության գործողությունների արդյունքում հաջողվեց կանգնեցնել Իրանի և Էջմիածնի ճյուղերի հետագա զարգացումը, ինչպես նաև աշխատանքներ էր տարվում Երևանի արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը կանխելու համար։

«Մարտի 23-ի ախտորոշումների վերլուծությունը, սակայն, ցույց է տալիս, որ Երևանի արտադրամասի ճյուղը հնարավոր է՝ մեզ համար անվերահսկելի զարգացում է ունեցել, քանի որ նոր դեպքեր ենք արձանագրել Երևանի և Չարենցավանի այլ արտադրամասերում, ինչը մեզ հանգեցրեց եզրակացության, որ պետք է մեկ շաբաթով շատ ավելի խիստ սահմանափակումներ կիրառենք»,- նշեց վարչապետը։