Այսօր ժամը 23:00-ից ՀՀ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը․ բացառիկ դեպքերում տանից դուրս գալուց քաղաքացիները պետք է լրացնեն տեղաշարժման թերթիկ․ Սուրեն Քրմոյան (տեսանյութ)

20:00 • 24.03.20

Պարետի կողմից մարտի 24-ին ստորագրվել է որոշում՝ ՀՀ ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ։ Որոշումն ուժի մեջ է մտնելու այսօր ժամը 23։00-ից։ Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսին ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը։

«Սա նշանակում է, որ ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում՝ իրենց բնակության վայրում։ Ավելի պարզ ասաց, մեր քաղաքացիները պետք է մնան տանը և տանից չպետք է դուրս գան, բացառությամբ՝ որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերում»,- հայտնեց նա։

Սուրեն Քրմոյանի տեղեկացմամբ՝ բացառիկ դեպք է, օրինակ, որ կենսական անհրաժեշտությունից ելնելով քաղաքացիները կարող են այցելել գնումներ կատարելու՝ մթերային խանութներ, դեղատներ կամ գյուղտնտեսական շուկաներ։

«Սա չի նշանակում, որ հնարավորություն կա օրը մի քանի անգամ այցելել, ցանկալի է, որ բացառիկ դեպքերում դուրս գան՝ կենսական անհրաժեշտությունից ելնելով։ Քաղաքացիները հնարավորություն ունեն մասնակցել հոգեհանգստի արարողություններին և նաև եթե խնամքի կարիք ունեցող անձի են այցելում։ Թույլատրվելու է նույնպես բացառիկ դեպքերում, բնակության վայրի անմիջական մոտակայքում օրը մեկ անգամ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարության համար դուրս գալ տանից»,- նշեց փոխվարչապետի խորհրդականը։

Պարետատունը սահմանել է նաև քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման․ «Յուրաքնաչյուր անգամ տանից դուրս գալուց, մեր քաղաքացիները պետք է լրացնեն այս թերթիկը»,- ասաց Սուրեն Քրմոյանը։

Տեղաշարժման թերթիկում պետք է նշվի ելքի ժամը, հասցեն, այցելության վայրի հասցեն, անվանումը, այցելության նպատակը և վերադարձի ակնկալվող ժամը։