«Կորոնավիրուսը չի հարցնելու` դու Բարգավաճից ե՞ս, Լուսավորից ե՞ս, թե Իմ քայլից ես». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

18:22 • 24.03.20

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին կարևորեց այս օրերին նկատվող միասնությունը և դրա համարն շնորհակալություն հայտնեց:

«Ոչ կատարյալ, բայց այնուամենայնիվ քաղաքական դաշտում և ընդհանուր առմամբ աշխարհում միասնություն կա»,-ասաց նա և նշեց, որ պետք է ամեն ինչ անեն, որ խորացնեն այդ միասնությունը:

«Կորոնավիրուսը չի հարցնելու դու  Բարգավաճից ես, Լուսավորից ես, թե Իմ քայլից ես, երկիրը միակն է»,-ասաց նա: Ինչ վերաբերում է քննադատություններին, Սիմոնյանը բոլոր գործընկերներին դիմելով՝ ասաց, որ աշխարհը նման օրինակ չի տեսել և ինֆորմացիոն ծավալը իր ազդեցությունն ունենում է:

«ՀՀ իշխանությունն անցած երկու տարիների ընթացքում ապացուցել է իր՝ ԶԼՄ-ների աշխատանքի և ժողովրդավարության առումով բարձր մակարդակը, դրա մասին խոսվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ պետք է զերծ պահենք երկիրը շահարկումներից: «Եկեք չմոռանանք, որ փաստացի պատերազմող երկիր ենք և այս իրավիճակը կարող  է հակառակորդի կողմից օգտագործվել: Եկեք հասկանաք մի պարզ, հասարակ բան. ՀՀ իշխանությունը ասում է ամեն ինչ, ինչ կատարվում է  ՀՀ-ում, չի թաքցնում, չի ստում և այդպես էլ շարունակվելու է», -ասաց նա և նշեց, որ սահմանափակումները միտված են դրան, բայց նաև քննարկվում է հնարավորինս դրանք մեղմացնելու տարբերակները: Նա վստահություն հայտնեց, որ շուտով դուրս ենք գալու այս իրավիճակից: