Կորոնավիրուսի համավարակի դեմ արդյունավետ դեղամիջոցներ դեռևս չկան. ԱՀԿ

00:36 • 24.03.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակը նոր թափ է ստանում, գրանցվել է վարակման ավելի քան 300 000 դեպք ողջ աշխարհում:

«Համավարակը նոր թափ է ստանում. առաջին արձանագրված դեպքից մինչև 100 000-րդը 67 օր է անցել, 11 օր՝ մինչև 200 000-ը և ընդամենը 4 օր՝ մինչև 300 000-ը»,- Գերբրեյոսուսին մեջբերում է РИА Новости-ն:

Նրա խոսքով՝ երկրների կողմից կիրառվող կոշտ սահմանափակումները կկանգնեցնեն վիրուսի տարածումը, սակայն չեն կարող մեծացնել պաշտպանիչ միջոցների պակասը:

Գեբրեյեսուսն ընդգծել է նաև կորոնավիրւսի դեմ չստուգված դեղամիջոցների օգտագործման վտանգը:  

«Խոստովանում ենք, որ արդյունավետ դեղամիջոցների խիստ անհրաժեշտություն կա: Ներկա պահին նման դեղամիջոցներ չկան, որոնք արդյունավետ կճանաչվեին  COVID-19-ի դեմ: Չստուգված միջոցների օգտագործումը կարող է կեղծ հույսեր տալ և ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ, ինչպես նաև հանգեցնել դեղերի պակասության մյուս հիվանդությունների բուժման համար»,- ասել է Գեբրեյեսուսը: