Որևէ դատապարտյալի մոտ կորոնավիրուսի դեպք չի հաստատվել. Ռուստամ Բադասյան

13:07 • 25.03.20

Այս պահին ահազանգեր եմ ստանում դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ից, որ հրահանգ կա առ այն, որ պետք է բոլորին դուրս հանեն, քանի որ ինչ-ինչ միջոցառումներ են իրականացվում: Այս մասին Ազգային ժողովում պարզաբանում ստանալու խնդրանքով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարցրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:
«Կա տեղեկություն, որ մի շարք դատապարատյալների դուրս են գրում՝ ասելով, որ կատարվում են միջոցառումներ և նախապատրաստական աշխատանքներ արտակարգ դրության հետ կապված»,-ասաց նա:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ խուճապի հետ կապված հարց չկա: «Ձեր տեղեկությունը լիարժեք ճիշտ չէ, քանի որ բոլորին այնտեղից չեն հանում: Քրեակատարողական հիմնարկներում որևէ թեստ, որ անցկացվել է, դրական արդյունք չի տվել, այսինքն կորոնավիրուսի դեպք որևէ դատապարտյալի մոտ չի հաստատվել»,-ասաց նա:

Ռուստամ Բադասյանը նշեց, որ ՔԿՀ-ներում որևէ մտահոգվելու, խուճապի մատնվելու որևէ տրամադրություն չկա և չպետք է լինի: «Իսկ դատապարտյալների հիվանդանոցը կարող է որոշակի շենքային պայմաններ ապահովել, որ հանկարծ նման դեպք լինի, դատապարտյալները և կալանավորված անձիք համապատասխան օգնություն ստանան, բայց այս պահին նման տեղեկություն չկա»,-ասաց նա: