«Մենք պետք է վերադառնանք բնականոն կյանքին»․ Բրազիլիայի նախագահը կոչ է արել վերադառնալ աշխատանքի և չեղարկել կարանտինը․ NYT

13:12 • 25.03.20

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն դիմել է երկրի նահանգապետերին՝ կոչ անելով չեղարկել կարանտինը, իսկ բրազիլացիներին հորդորել է վերադառնալ աշխատանքի, գրում է New York Times-ը։

Բոլսոնարուն կոչ է արել շարունակել «բնականոն կյանքը» և վերսկսել աշխատանքը։

«Մենք պետք է վերադառնանք բնականոն կյանքին։ Մի քանի նահանգներ և քաղաքապետարաններ պետք է հրաժարվեն իրենց որդեգրած քաղաքականությունից», - հայտարարել է Բրազիլիայի նախագահը։

Նրա խոսքով՝ Իտալիայի իրադրությունը չի կրկնվի Բրազիլիայում երկրի՝ ավելի երիտասարդ բնակչության և ավելի տաք կլիմայի պատճառով:

Ավելի վաղ Ժաիր Բոլսոնարուն իր քաղաքական հակառակորդներին և մամուլին մեղադրել էր քաղաքացիներին կորոնավիրուսի վտանգի վերաբերյալ «խաբելու» և խուճապ առաջացնելու համար։

«Մարդիկ շատ շուտով կհասկանան, որ խաբվել են այդ ղեկավարների և զանգվածային լրատվամիջոցների զգալի մասի կողմից»,- հայտարարել էր նա։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 422 966-ի, որից 18 906-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 109 143 մարդ։