«Նախագահ չէ, այլ ծաղրածու»․ կարանտինի մեջ գտնվող բրազիլացիներն իրենց պատշգամբներում բողոքի ակցիան են անցկացրել աշխատանքի վերադառնալ հորդորող նախագահի դեմ. The Guardian (լուսանկարներ)
Կարանտինի մեջ գտնվող բրազիլացիներն ի պատասխան նախագահ Ժաիր Բոլսոնարուի՝ կարանտինը չեղարկելու և աշխատանքի վերադառնելու մասին կոչերին, պատուհաններից և պատշգամբներից իրենց զայրույթն են արտահայտել «Բոլսոնարո՛ւ, հեռացի՛ր» բացականչություններով, գրում է The Guardian-ը։
Վերջին շաբաթվա ընթացքում ամբողջ երկրում ցուցարարներն իրենց պատուհանների մոտ խոհանոցային պարագաների, մասնավորապես՝ գդալների ու թավաների միջոցով, իրենց զայրույթն են արտահայտում Ժաիր Բոլսոնարուի վարած քաղաքականությանը, գրում է աղբյուրը։
«Մենք այլևս չենք կարող նման մարդուն ընդունել որպես մեր նախագահ»,-պարբերականին ասել է քաղաքացիներից մեկը։
«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ նախագահի աթոռը դատարկ է։ Մենք չունենք նախագահ, մենք ունենք ծաղրածու, որը չգիտի, թե ինչ է անում», - ասել է մեկ այլ քաղաքացի։
Ավելի վաղ Բրազիլիայի նախագահը դիմել էր երկրի նահանգապետերին՝ կոչ անելով չեղարկել կարանտինը, իսկ բրազիլացիներին հորդորել էր վերադառնալ աշխատանքի։
«Մենք պետք է վերադառնանք բնականոն կյանքին։ Մի քանի նահանգներ և քաղաքապետարաններ պետք է հրաժարվեն իրենց որդեգրած քաղաքականությունից», - հայտարարել էր Բրազիլիայի նախագահը։
















