Եկեք այսօր համատարած ֆորսմաժորի մասին չխոսենք, իրոք նման անհրաժեշտություն այս պահին չկա. Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն նորմալ վարկային պատմություն չեն կարողանում ստանալ լիարժեք արձագանք վարկերի և տոկոսների հետ կապված, պնդում եմ այն թեզը, որ նվազագույնը երեք ամսով սառեցվեն վարկերի տոկոսները կամ օրենսդրական կամ վարչարարական մեխանիզմներով: Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց, որ այո՛, բանկերն ունեն որոշակի մարժա, բայց երբ խոսվում է մի կողմի արձակուրդի մասին, բնականաբար, հարց է առաջանում՝ մյուս կողմի արձակուրդի խնդիրն ինչպե՞ս է լուծելու:
«Եթե խոսվում է համատարած արձակուրդի մասին, կարծում եմ՝ նման վիճակ չկա ու դրա անհրաժեշտությունն էլ չկա: Եթե դուք կարծում եք, որ այդ մարժան այնքան մեծ է, որ դա հնարավորություն է տալիս՝ մի կողմում արձակուրդ լինի, իսկ մյուս կողմում՝ ոչ, կարծում եմ լավ կլինի, որ նման իրավիճակ լիներ, բայց վախենամ, որ պրոբլեմատիկ վարկերի ծավալն այնքան աճի, որ այդ հնարավորությունն ուղղակի չլինի: Եթե մենք այդպիսի որոշում կայացնենք, հիպոթետիկ փորձենք օրենքով նման պահանջ դնել, մենք ինքներս ուղղակի մեզ խաբելու ենք, այդ պրոբլեմի լուծում չի լինի հաստատ»,- նշեց փոխվարչապետը:
Նրա խոսքով՝ դա որոշ չափով նաև հարկերին էլ է վերաբերում, որովհետև ավելի լավ է ունենալ հարկահավաքման նորմալ մեխանիզմ ու թիրախավորված միջոցների օգտագործում, այլ ոչ թե հարկային արձակուրդ, որը տալիս է շատ մոտավոր արդյունք, որովհետև տարածվում է շատ մարդկանց վրա ու թիրախավորման խնդիրը մնում է բաց «Ստացվում է, որ մենք արդյունքում հանրային միջոցները օգտագործում ենք անհասկանալի թիրախների համար»,- նշեց նա:
Պատգամավորն էլ հակադարձեց, որ հիմա գտնվում ենք ֆորսմաժորային իրավիճակում, իսկ փոխվարչապետի առաջարկած լուծումները ստանդարտ են և արտակարգ դրության պայմաններում բավականին մշուշոտ են: «Խոսքը գնում է 1 մլն 650 հազար մարդկանց մասին, որոնք վարկային պարտավորություններ ունեն, Ձեր փաստարկներն աշխատում են ոչ արտակարգ ռեժիմի ժամանակ»,- ընդգծեց Աբովյանը:
«Ես իրականության մեջ միտումն ու ձեր ցանկությունը շատ լավ հասկանում եմ, բայց թույլ տվեք հարցին հարցով պատասխանել՝ իսկ ո՞ր տոկոսները կանգնացնեք, որ սեգմենտի, որ թիրախի, արդյոք դա պետք է անել համատարած, եթե համատարած, ապա ինչո՞ւ: Եկեք չհամարենք, որ մեր կայանքում ֆորսմաժոր է, եկեք համարենք, որ այո, կա պրոբլեմ, բայց պրոբլեմը չսարքենք ֆորսմաժոր, ֆորսմաժորն այլ հարթության խնդիր է, որն այլ բաներ է ենթադրում: Եկեք այսօր համատարած ֆորսմաժորի մասին չխոսենք, իրոք նման անհրաժեշտություն չկա այս պահին»,- հակադարձեց փոխվարչապետը։










