Իրանից ընտանիք է վերադարձել, մարդիկ պարտաճանաչ մեկուսացել են, սակայն հիմա գազ և լույս չունեն, բացի այդ չեն կարողանում դուրս գալ խանութ. Նաիրա Զոհրաբյանը՝ կառավարությանը (տեսանյութ)
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ թեև վարչապետը խոսեց հանրությանը հուզող բազմաթիվ խնդիրներից, բայց նիստին զուգահեռ իր հեռախոսը չի լռում և բազմաթիվ հարցեր են գալիս: «Հենց հիմա գրում են՝ Գազպրոմը շարունակում է անջատել բոլորի, նաև թիրախային խմբերի գազը»,- ասաց նա:
Բացի այդ, պատգամավորն ասաց, որ ունենք Իրանից վերադարձած ընտանիք, որոնք, լինելով պարտաճանաչ քաղաքացիներ, ինքնամեկուսացել են. «Ինձ ասում են, որ Իրանի սահմանին իրենց ձեռքից վերցրել են ամբողջ թումանը, նրանք չեն կարողանում տանից դուրս գալ, լույս ու գազ չունեն»,- նշեց նա: Պատգամավորը նաև հայտարարեց, որ ահազանգ է ստացել, որ դատապարտյալների հիվանդանոցից, կարծես թե դատապարտյալներին տեղափոխում են քրեակատարողական հաստատություններ:
ՀՀ փոխվարչապետ, Պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Գարեգին Բաղրամյանը շուտով մամուլի հաղորդագրություն կտարածի խնդրի հետ կապված: «Մենք Վեոլիա ջրի և ՀԵՑ-ի հետ արդեն իսկ նախնական պայմանավորվածություն ունեինք, այսօր վերջնական պայմանավորվածություն կունենանք նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ և հենց այս պահից սկսած բոլոր այդ խնդիրները կլուծվեն, և բոլոր այն քաղաքացիները նամանավանդ խոցելի խմբերի, որտեղ անջատումներ են եղել, կվերականգնվեն»,- ասաց նա
«Իրանի քաղաքացիների հետ իրավիճակը մի քիչ չհասկացա, որովհետև ինքնամեկուսացման ռեժիմը մի ռեժիմ է, երբ մարդն ինքը իր վայրն ընտրում է, որտեղ պետք է ինքնամեկուսանա, դա իր տունն է կամ մեկ այլ վայր: Պետք է խնդրեմ այդ տեղեկատվությունը փոխանցեք, մենք կանդրադառնանք դրան»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է քրեկատարողականում տեղի ունեցած դեպքին, Ավինյանը նշեց, որ դա ընդամենը մեկ անձի հետ կապված է եղել, ով որոշակի խնդիրներ ունի հոգեկան առողջության հետ և որևէ արտառոց բան չկա:










