Կորոնավիրուսի մասին խոսելիս իշխանությունը մարդկանց ո՛չ սթրեսի մեջ պետք է պահի, ո՛չ էլ ապահովության զգացում ներշնչի. Արարատ Մկրտչյան (տեսանյութ)

21:15 • 25.03.20

Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները տարբեր երկրներում մոտեցումների և ծավալների տեսանկյունից տարբերվում են, մեր կառավարությունն էլ որոշակի տրամաբանությամբ գործողություններ է ձեռնարկում, որոնք այս պահի համար ճշգրիտ են, բայց կարելի է արձանագրել դրանց ժամանակավրեպությունը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը:

«Բնակչության համատարած թեստավորումը ֆինանսական մեծ ռեսուրսներ պահանջող քայլ է: Այս շրջանում տեղեկատվության ապակենտրոնացում է, սոցցանցերի ամեն օգտատեր լրատվություն է տարածում, և քաղաքացիներին շատ դժվար է կողմնորոշվել: Միասնական տեղեկատվությունը պետք է գա Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից»,- ասել է նախկին նախարարը:

Ըստ Մկրտչյանի՝միջազգային հանրությունը, կառավարությունները և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատրաստ չէին այս մարտահրավերին. «Դեկտեմբերին Չինաստանը տեղեկացրել էր ԱՀԿ-ին, որ իրենց մոտ անծանոթ վիրուս են հայտնաբերել: Միայն փետրվարի վերջին ԱՀԿ-ն պայքարի միջոցներ ձեռնարկեց: Գլոբալացման պայմաններում վիրուսն ստիպեց, որ բոլորը փակվեն իրենց տներում: Չինաստանը միայնակ պայքարեց և հաղթեց վիրուսին, իսկ այսօր արդեն փոխգործակցության քայլեր կան»:

Նախկին նախարարի կարծիքով՝ այսօր համավարակի մասին խոսում է ով ասես, իսկ համաճարակաբանների ձայնը վերջին հերթին է լսվում. «Վիրուսը դուրս է եկել Չինաստանից ու քայլում է աշխարհում:  Յուրաքանչյուրս էլ կարող ենք հանդիպել այդ վիրուսին, դա կախված է մեզնից և կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումներից:  Կառավարությունն էլ փորձում է համակշռել բնակչության առողջությունն ու տնտեսական իրավիճակը»:

Արարատ Մկրտչյանի պնդմամբ՝ այսօր հիվանդները պետք է մտածեն նախևառաջ մյուսներին չվարակելու մասին, դա կարևոր սոցիալական և առողջապահական հարցէ. «Եթե այս պարետային ժամը երկուշաբաթ շարունակվի, հասարակությունն էլ ըմբռնումով մոտենա ձեռնարկված քայլերին, մենք կհաղթենք, մնում է համահունչ արձագանքենք: Շատ մտացածին թեզեր են հնչում, թե իբր սա ինչ-որ կենսաբանական զենք է: Քննարկումներն ընթանալու են համավարակի մարումից հետո, մինչև մի նոր արհավիրք գա»:

Բժշկի կարծիքով՝ չի կարելի մարդկանց ո՛չ սթրեսի մեջ պահել, ո՛չ էլ ապահովության զգացում ներշնչել, համաճարակաբանական իրավիճակի մասին պետք է խոսեն միայն ոլորտի պրոֆեսիոնալները:

«Ցանկացած նմանատիպ նոր հարուցիչի առաջացրած համավարակի ընթացքում համաճարակաբանական ավանդույթներ ունեցող երկրներն սկսում են պատվաստանյութ մշակել: Դրա փորձարկումների համար երկար ժամանակ է պետք»,- ասել է Մկրտչյանը՝ հավելելով. «Մեծ հույսեր կապել, հրաշքների հավատալ, թե պատվաստանյութի գյուտով մեծ խնդիր կլուծենք, չարժե»:

Դավիթ Սարգսյան