Իմ տպավորությամբ՝ Ձեր ելույթներն են «թռչնակ» դնելու համար, քանի որ դրանց տեքստը չի փոխվում, նաև հակասում եք ինքներդ Ձեզ. նախարարը՝ պատգամավորին (տեսանյութ)
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք շատ հաճախ օրենսդրական փաթեթներ ընդունում ենք «թռչնակով» նշում կատարելու համար: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ խոսելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և հարակից օրենենքների նախագծերի փաթեթին:
«Ես երբ փորձում եմ պատկերացնել այս օրենքի նախագիծը կիրառության մեջ, հասկանում եմ, որ դա չի կիրառվելու, կամ ի չարս է կիրառվելու և չեմ տեսնում, թե ի բարիք ինչպես է կիրառվելու: Սա, իհարկե, անընդունելի մոտեցում է, քանի որ այն խնդիրները, որոնք գեներացվել էին վերջին ժամանակահատվածում այդ խնդիրների լուծմանը միտված չէ, այլ միտված է այլ խնդիրների առաջացմանը: Երբ նշում եք, որ անհրաժեշտ է, ոչ անհրաժեշտ չէ, եթե անգամ անհրաժեշտ համարենք, համաչափ չէ»,-ասաց նա:
Տարոն Սիմոնյանն ասաց, որ երբ վատ դատավորի դեմ ենք ուղում նախագիծը, ապա նա ադապտիվ դատավոր է, նախկինում հարմարվել է նախկին իշխանություններին, հիմա այս համակարգից օգտվելու է և հարմարվելու նոր իշխանություններին:
«Լավ դատավորները, որպես այդպիսին, կամ դուրս են գալուս համակարգից, քանի որ այսչափ անիմաստ լծակներ չեն ուզենալու ունենալ, վատ դատավորները մնալու են և իրենց հավատարմության երդումը տան ցանկացած նոր իշխանության: Սա ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ համաչափ նախագիծ է»,-ասաց նա:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, արձագանքելով Տարոն Սիմոնյանին, հարձադրում արեց, թե այդ ինչպես է ստացվում, որ ոչ մեկ չի նկատում, որ «թռչնակ դնելու» համար է օրենքը ընդունվում, և միայն Տարոն Սիմոնյանն է նկատում: «Ինձ մոտ տպավորություն է, որ Ձեր ելույթներն են այդպիսին, քանի որ Ձեր ելույթներում տեքստը չի փոխվում: Այսինքն՝ կապ չունի ինչ նախագիծ ենք քննարկում, Դուք նույն բանն եք ասում: Կներեք, բայց Դուք ինքներդ Ձեզ հակասում եք, մեկ ասում եք՝ նախագիծը շատ խիստ է, հետո ասում եք, որ ավելի խիստ պետք է լիներ»,-ասաց նա:










