Արտակարգ դրության, սահմանափակումների խստացման ուշացման պատճառն այն է, որ Փաշինյանի իշխանությունն ինքնասիրահարված է և անհամարժեք իրավիճակին․ Ալբերտ Բաղդասարյան
Արտակարգ դրություն մտցնելու, սահմանափակումները խստացնելու որոշումների ուշացման պատճառն այն է, որ իշխանություններն իրավիճակին անհամարժեք են։ Իրավիճակի լրջությունը գնահատում են միայն պոստ ֆակտում, երբ որ փաստն առկա է, չեն կանխատեսում ոչինչ։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը։ «Սա եղել է և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, և՛ հաջորդող ժամանակներում՝ մինչ այսօր՝ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Նրանց թվում է՝ իրենք ամեն ինչ տեսնում են, գնահատում են, բայց կյանքը ցույց է տալիս, որ դա այդպես չէ։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էլ, ինչպես նախորդները, ինքնասիրահարվածության հիվանդություն ունեն. հնարավոր չէ, որ կողքից որևէ մեկն ավելին տեսնի, քան իրենք, որևէ մեկն ավելին իմանա, քան իրենք»,- նշեց նա։
Ալբերտ Բաղդասարյանի խոսքով՝ իշխանությունները կորոնավիրուսի կանխարգելման գանձապետական հաշիվ են բացել, բայց հաշվետու չեն ժողովրդին․ «Որևէ մեկը գիտի՞, թե այդ ֆոնդի գումարները որտեղ են ծախսվում, որքա՞ն գումար է հավաքվել։ Թե որ արտակարգ դրություն է, շեֆերը պետք է օգտագործեն այս վիճակ։ Պարետը պետք է ավելի շատ զեկուցի արած գործերի մասին, մեկ առ մեկ, «քյաբաբ առ քյաբաբ», ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում»։
- Պարոն Բաղդասարյան, քաղաքացիների տեղաշարժը սահմանափակող որոշում կայացվեց, որն ուժի մեջ է մտել կեսգիշերից, բայց եկեք տեսնենք սրան նախորդած գործողությունները, իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները։ Նախ հայտարարվում էր, որ արտակարգ դրության կարիք չկա, հետո այնուամենայնիվ այն մտցվեց, իսկ հստակ սահմանափակումներ կիրառվեցին արտակարգ դրության որոշումից միայն 8 օր անց։ Հիշենք նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է», «կորոնավիրուսներին պինցետով հատիկ-հատիկ հանելու ենք» և այլն։ Ինչո՞ւ են իշխանություններն իրենց գործողություններում հապաղում, նման հայտարարություններ անում և որոշ ժամանակ անց խստացումներ կիրառում:
- Խնդիրն իրավիճակին անհամարժեք լինելն է։ Իրավիճակի լրջությունը գնահատում են միայն պոստ ֆակտում, երբ որ փաստն առկա է՝ չկանխատեսելով ոչինչ։ Շահում են կամ գոնե քիչ են տուժում այն պետությունները, որոնց իշխանությունները կանխատեսում են իրերի ընթացքը և նախապես քայլերն անում։ Ձեր հարցում արդեն նշեցիք այն ամենը, ինչով զբաղված էին իշխանությունները մինչև միջազգային մասշտաբով խնդրի սրվելը, նրանց կողմից քայլերի ձեռնարկումը, որը պոստ ֆակտում հուշում է, որ այսպես արդեն վտանգավոր է։ Բայց նորից քայլերը կիսատ-պռատ են։
- Ձեր նշած խնդիրները՝ իրավիճակին անհամարժեք լինելը, լրջության ուշ գնահատումը ինչի՞ հետևանքով է՝ փորձի պակա՞սն է, թե՞ այլ խնդիր եք տեսնում իշխանությունների մոտ։
- Ընդհանրապես, հնարավոր է, որ իշխանությունը, խրված լինելով իր առօրյա գործողությունների մեջ, ադեկվատ չկարողանա գնահատել իրավիճակը։ Իրավիճակն ադեկվատ գնահատում են սովորաբար, այսպես ասած, ավելի վերևից նայողները։ Այսինքն, այդ առօրյա իշխանական գործունեությունից դուրս գտնվող մարդիկ կարող են գնահատել։
Ընդհանրապես, ավտորիտար ռեժիմների հետևանք է սա, որը եղել է և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, և՛ հաջորդող ժամանակներում՝ մինչ այսօր՝ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Նրանց թվում է՝ իրենք ամեն ինչ տեսնում են, գնահատում են, ամեն ինչ իրենց վերահսկողության տակ է, բայց իրականում կյանքը ցույց է տալիս, որ դա այդպես չէ։ Նիկոլի Փաշինյանի իշխանությունն էլ, ինչպես նախորդները, ինքնասիրահարվածության հիվանդություն ունի։ Հնարավոր չէ, որ կողքից որևէ մեկն ավելին տեսնի, քան իրենք, որևէ մեկն ավելին իմանա, քան իրենք։ Միտքը, առաջարկությունները, լուծումները կոնսոլիդացնելու փոխարեն իրենք այդպես կիսատ-պռատ, պոստ ֆակտում հայտարարություններով են զբաղված։
- Իշխանությունների քայլերի կիսատ լինելու հետ կապված Ձեր ֆեյսբուքյան էջում գրել էիք Արցախի մասին։ Կարծում եք՝ սահմանափակումները պետք է տարածվեին նաև Արցախի՞ վրա։
- Եթե ուշադրություն դարձրեցիք, Արցախի մասին որևէ խոսք չեղավ։ Ձեռքերը լվանալն ունի նաև իր քաղաքական միտքը։ Այնպես չէ, որ միամիտ են, մտքներով չի անցնում այս հարցը։ Նրանք Արցախը Հայաստանից հեռացնելու ծրագրի իրենց բաժինն են կատարում։ Ծրագիր, որը մշակված է դրսում, այլ պետության նպատակներին ծառայելու, շահերը սպասարկելու համար։ Այդ ծրագրի մեջ Հայաստանին տրված է Արցախից առանձնանալու դերը։
- Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների համար գանձապետական հաշիվ է բացվել, բայց շատերը նաև բարձրացնում են այն հարցը, որ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի նպատակով «Քաղաքացիական պայմանագրի» հավաքած 200 մլն դրամը նույնպես պետք է ներգրավել՝ բաժանել քաղաքացիներին կամ տնտեսության մեջ ներդնել, ոչ թե պահել։ Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս պետք է գործի իշխանությունը։
- Համարում եմ, որ սա մարտահրավեր է և իշխանությունը պարտավոր է կազմակերպել այդ մարտահրավերի դեմն առնելը՝ ինչպես պատերազմի դեպքում, այնպես էլ հիմա։
Տեսեք, բոլոր այն երկրները, որոնք գնացել են խիստ միջոցների կիրառմանը, որպես լուրջ պետություն, որպես իշխանություն, հասկանալով այս ամենը, վաղվա տնտեսական կոլապսից խուսափելու համար հսկայական միջոցներ են ներդնում տնտեսության որոշակի, նվազագույն շնչառական մասն ապահովելու համար։ Եվ հսկայական ֆինանսներ են առանձնացրել՝ և սոցիալական օգնությունների, և տնտեսության մեջ ներարկման համար։
Դեռ մեկ ամիս առաջ նորից գրել էի, որ պետք է հիմնադրամ ստեղծել, ակումուլացնել գումարներ, որ փորձ արվի կոմպենսացնել նախատեսվող վիճակը, երկրի շնչառությունը պահպանվի՝ սոցիալական, տնտեսական։ Հիմա ստեղծել են ինչ-որ ֆոնդ, բայց որևէ մեկը գիտի՞, թե այդ ֆոնդի գումարները կոնկրետ հիմա որտեղ են ծախսվում, որքան գումար է հավաքվել։ Բժիշկների՞ն են վճարում, հիվանդանոցների համա՞ր, որտե՞ղ է ծախսվում, կա՞ այդպիսի հաշվետվություն։
Թե որ արտակարգ դրություն է, «հոմոսովետիկուսը» պետք է սուս-փուս ասի՝ շեֆերն ամեն ինչ որոշում են, ճիշտ է, շեֆերն էլ օգտագործեն արտակարգ դրությունը։ Արտակարգ դրությունը հենց նա է, որ արտակարգ միջոցներ են կիրառվում և այդ ամենը զեկուցում են ժողովրդին, որ ժողովրդի մեջ վստահություն, փոխըմբռնում առաջանա։ Ժողովուրդն անպայման նեղվելու է, անպայման գոտիները պետք է ձգել, իսկապես էքստրեմալ կյանքով ապրել, ինչպես պատերազմի ժամանակ, բայց փոխհասկացվածությամբ։ Դա նշանակում է, որ պարետը պետք է ավելի շատ զեկուցի արած գործերի մասին, մեկ առ մեկ, «քյաբաբ առ քյաբաբ», ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում։
Բայց տեսեք, ընդհանրապես որևէ հաշվետվություն չկա, թե ինչ են անում։ Ասում են՝ պահանջում ենք ժողովրդից, որ դուրս չգան և այլն, և այլն, դա հասկանլի է, անհրաժեշտ է, վաղուց էինք պահանջում, բայց ․․․ հիմա աշխարհում տեսնում ենք, որ երկրները հսկայական գումարներ են ներդնում, մեզ մոտ դա չկա։ Ինչու չկա, որովհետև այս իշխանություններն էլ ինչպես նախորդները, ադեկվատ չեն։ Ռեակցիաները ոչ ադեկվատ են առկա մարտահրավերին և դրա պատճառով մենք շատ ենք տուժվելու՝ ժողովրդով, երկրով, Արցախով, Արցախի հարցով։










