Կառավարությունը աջակցության կարիք ունեցող քաղաքացիների մասին, որոնք օրավարձով կամ չգրանցված աշխատակիցներ են, չունի տեղեկություն. Զարուհի Բաթոյան (տեսանյութ)

19:07 • 25.03.20

Շատ կարևոր է գրանցված աշխատող լինելու հանգամանքը, որովհետև այսօր Կառավարությունը չունի տեղեկություն այն քաղաքացիների մասին, որոնք աջակցության կարիք ունեն: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին:

Վերջինս հետաքրքրվեց՝ բազավորվել է արդյո՞ք օրավարձով աշխատող քաղաքացիների թիվը, նույնականացվել են այս ընթացքում այդ քաղաքացիները, որպեսզի նրանց աջակցություն տրամադրվի:

«Մենք ստանում ենք բազմաթիվ դիմումներ, որտեղ քաղաքացիները նշում են, որ աշխատում էին օրավարձով կամ որպես չգրանցված աշխատող, և հիմա այս խնդրի առջև են կանգնած: Ցավոք, այս պահին ունենք 2 ցուցակ, որոնցից մեկը 20 000 ընտանիքի մասին է, որ դիմել են ընտեանեկան կամ սոցիալական նպաստի համակարգում ընդգրկվելու համար, բայց դեռևս չեն ընդգրկվել: Երկրորդ ցուցակը գործազուրկի կարգավիճակ ունեցող 62 000 քաղաքացիներինն է: Նրանց աջակցության տարբերակները, նպատակահարմարությունը քննարկում ենք»,-ասաց նախարարը:

Սրբուհի Գրիգորյանի արձագանքին՝ օրավարձվ կամ չգրանցված աշխատողներին ստվերից դուրս բերելու, հայտնաբերելու համար ինչ-որ միջոցառումներ ձեռնարկվե՞լ են, Բաթոյանը պատասխանեց, թե վաղը կհայտարարեն որոշ ծրագրերի մասին, որոնցից մի մասը սոցիալական են: «Մենք նախաձեռնում ենք նաև տարբեր ծրագրեր, որոնք խրախուսելու են նոր աշխատատեղերի ստեղծումը այս արտակարգ դրությունից հետո, եթե մարդիկ այս ընթացքում ազատվել են աշխատանքից»,-նշեց նա: