Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործիքներ չունի, բայց տպավորություն է, որ ամենակարող է, ինչ ասես կարող է անել. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

12:39 • 25.03.20

Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց նախագիծը և նշեց. «Նախագիծը արդյունավետ գործիք է կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ տանելու համար՝ միաժամանակ չխաթարելով դատական անկախությունը»:

Նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և նկատեց, որ փաստորեն փաթեթն ընդունվում է այնպես, որ 2017 թվականից հետո նշանակված դատավորների հետ կապված կարող է լինել գործընթաց, իսկ մինչև 2017 թվականին նշանակվածների նկատմամբ որևէ բան չի կարող լինել:

«Հիմա հարց. այսքան քննարկումները, որ դատական իշխանությունը պետք է վեթինգ անցնի, վերանայվի, ստուգվի, բարեվարքությունը նայենք, այդ ո՞նց ենք անելու, բա մինչև 2017 թվականը նշանակված դատավորների հետ ո՞նց ենք վարվելու: Հաջորդ հարցը այն է, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին այստեղ անդադար խոսվում է, տպավորություն է, որ այդ հանձնաժողովը մի ամենակարող հանձնաժողով է, ինչ ասես կարող են անել, այդ հանձնաժողովը գործիքներ չունի»,-ասաց նա և նշեց, որ օրենսդրությամբ հանձնաժողովին գործիքներ տրված չեն, որ հետո պահանջեն:

«Հարգելի գործընկերներ ջան, հանցավոր ենթամշակույթի հետ դատավորի կապը ո՞նց են ստուգելու»,-հարց բարձրացրեց Էդմոն Մարուքյանը:

Նույն խմբակցությունից Տարոն Սիմոնյանն ասաց, որ թեև իրենց որոշ առաջարկներ ընդունվել են, սակայն հիմնական առաջարկությունները մերժվել են: «Այս տեքստով որևէ ձևով չենք նպաստելու դատական իշխանության անկախության երշխավորմանը, այլ հակառակը՝ ավելի ենք ծանրացնելու դատավորների կախվածությունը մեկ այլ դատավորից և գործադրից»,-ասաց նա: