Պետք է թիրախային օգնել օրավարձով ապրող աշխատողներին, որոնք անգործ են մնացել այսօր, մարդիկ նամակով իրավիճակներ են նկարագրում, քիչ է մնում էն Լյուսի Քոչարյանի նման հրապարակեմ նամակները. Էդմոն Մարուքյան

13:03 • 25.03.20

Ես բազմաթիվ հարցեր ունեմ, որոնց պատասխաներն այդպես էլ չեն տրվում, թե՛ երեկ վարչապետի ուղերձի մակարդակով չտրվեցին, թե՛ նաև այսօր, թե՛ անցած օրերի ընթացքում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ իր հարցերը վերաբերում են ՀՀ քաղաքաիցներին ամենաշատը հուզող խնդիրներին. «Օրինակ՝ մարդիկ հարց են տալիս՝ հիմա մեր վարկերը չենք կարողանում վճարել ու զանգեր նամակներ ենք ստանում. իրենք սև ցուցակ ընկնո՞ւմ են, թե՞ չեն ընկնում, ոչ մի բան չի ասվում մարդկանց: Որևէ ձևով եղա՞վ լուծում՝ մարդկանց վարկերը հետաձգելու և հնարավորություն տալու, որ երբ տնտեսությոյւնը վերականգնվի, այդ ժամանակ սկսեն վճարել: Ասել՝ այս ամսվա տոկոսը մյուս ամիս կվճարես, երբ որ այս ամիս մարդը չի աշխատում, դա լուծում չէ: Մյուսը այսօր օրավարձով ապրող մարդիկ, ըստ էության, սովի են մատնված, այս մարդկանց ապրելու խնդիրը որևէ ձևով լուծվո՞ւմ է, թե՞ չի լուծվում: Աշխարհի որևէ երկրում չկա այնպիսի վիճակ, որ մարդկանց ասեն՝ նստեք տանը և նրանց հացի խնդիրը չլուծեն: Դրան գումարած կոմունալների վարձերն ուզում են, պետք է համալիր լուծումներ տրվի»,- ասաց նա:

Մարուքյանը նկատեց, որ հենց հիմա Կենտրնական բանկում պետությունը, հարկատուներն իրենց վճարած հարկերից ունեն 377 մլրդ դրամ գումար: «Դա մեր ժողովրդի փողն է, հիմա գոնե այն թիրախային խմբին, որը օրավարձով էր ապրում և հիմա ապրելու միջոց չունի, պե՞տք է պետությունն աջակցի, թե՞ ոչ: Որևէ խոսք չկա դրա մասին: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ լայվ են մտնում ու պատմում, թե ոնց տանից դուրս չգալ. հասկացանք, բա ինչպե՞ս պետք է այդ մարդիկ ապրեն»,- ասաց նա:

Բացի այդ, Մարուքյանը նշեց, որ տատիկ-պապիկներին ասել են 10-ից 12-ը գնան խանութ, բայց որևէ մեկը հարցրե՞լ է, տատիկ-պապիկները փող ունե՞ն, որ գնան խանութ:

Իսկ թե ինչ լուծում է առաջարկում ինքը, Մարուքյանն ասաց, որ ԿԲ-ում դրած հարկատուների գումարներից պետք է թիրախային աջակցություն ցուցաբերել: «Ասել՝ այդ գումարները կտանք բանկերին, բանկերը զրո տոկոսով վարկեր կտան, ում կտան, երբ կտան, դա երբ է լինելու, կամ եթե տան, դա ի՞նչ կապ ունի օրավարձով աշխատող տաքսիստի կամ բանվորի հետ, չգիտեմ: Հենց հիմա շինարարություններ են դադարեցված. օրավարձով մարդիկ գնացել, աշխատել են, հաց են առել, եկել են տուն, հիմա չեն գնալու էս յոթ օրը, իսկ հետո էլ չգիտենք՝ էս յոթ օրից հետո գնալո՞ւ են, թե՞ չէ: Ինչպե՞ս են ապրելու այս մարդիկ, այս հարցերի վերաբերյալ որևէ լուծում այսօր կառավարությունը չունի, ոչ մի բան չի ասել: Ասվել է՝ Բաբելոնին հաղթել ենք, օրավարձով ապրող մարդուն, որ ասենք՝ Բաբելոնին հաղթել ենք, դա իրեն ի՞նչ է տալու, ի՞նչ է փոխում դա»,- հայտարարեց նա:

Բացի այդ, Մարուքյանը հարցրեց՝ սոցապ նախարարը գիտի՞, թե քանի հոգի է տանը նստած՝ այդ օրավարձով ապրող մարդկանցից և չի կարողանում ապրել, հաշվարկե՞լ են քանի մարդ է մնացել անգործ:

«Մարդիկ անդադար զանգում են և նամակներ են գրում, նկարագրում են իրավիճակներ. քիչ է մնում էն Լյուսի Քոչարյանի նման էդ նամակները սկսեմ հրաարակել: Իրավիճակներ են նկարագրում՝ էսքան մարդով ընտանիք ենք, հաշմանդամության կարգ ունենք, էս վիճակին ենք, ո՞նց ապրենք, խնդրում եմ ասեք»,- շեշտեց պատգամավորը:

Tert.am-ի հարցին՝ տնտեսվարողները նույնպես մի շարք խնդիրների առաջ են կանգնած, իրենց մասով ի՞նչ լուծումներ պետք է տրվեն, դուք խոսել էիք հարկային արձակուրդի վերաբերյալ, նա պատասխանեց. «Այո, ասել ենք: Ես երեկ նամակներ եմ ստացել, որ ՊԵԿ-ը արգելանքներ է դնում հաշիվների վրա, որը կապված է ինչ-որ պարտավորություններ չկատարելու հետ: Հիմա մարդիկ հարց են տալիս՝ սա նորմա՞լ է ճգնաժամի պայմաններում, հիմա նորմա՞լ է դա անելը: Պետք է ինչ-որ ձևով թուլացվեր այդ վարկային վարչարարությունը, բայց այդ ակնհայտ է, չէ՞, որ բազմաթիվ ընկերություններ չեն գործում:

Ընկերություններ կան, որ աշխատողներին արդեն ազատում են աշխատանքից: Բայց առաջինը պետք է թիրախային օգնել այն մարդկանց, ովքեր օրավարձով են ապրել ու ապրում, հիմա մնացել են անգործ, հետո նայել տնտեսվարողներին ինչպես աջակցել»:

Հարցին էլ՝ ստեղծված իրավիճակը թերգնաատե՞լ են, Մարուքյանն ասաց, որ ի սկզբանե էլ անլուրջ են վերաբերվել, Առողջապահության համաշխարհային կազմակերպույթյունը պանդեմիա էր հայտարարել, Հայստանում քարոզարշավ էր:

Մանրամասները՝ տեսանյութում: