Առաջարկում եմ կաթողիկոսին խնդրել, որ Սուրբ Գեղարդը պտտեն ՀՀ տարածքով. ժողովրդին հոգևոր սնունդ է պետք, որպեսզի դիմակայի վիրուսի այս արհավիրքին. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

18:26 • 25.03.20

ԱԺ-Կառավարութուն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նշեց, թե հարց չունի, բայց մի միտք է ուզում ասել և ակնկալում է, որ չզարմանան:

«Արցախյան ազատամարտում մարտական գործողություններն սկսելուց առաջ մեզ մոտ դիրքեր են եկել Պարգև Սրբազանը, Տեր Գրիգորը, Տեր Հովհաննեսը, որոնք օրհնել են, և մենք այդ հավատով մտել ենք մարտական գործողությունների մեջ: Ինչպես գիտենք, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է պահվում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Գիտենք, որ 1798 թ. վրաց թագավորը, Վրաստանում ժանտախտ տարածվելիս, դիմել է հայոց կաթողիկոսին, որ Գեղարդը շրջեն ամբողջ Վրաստանում: Դա մեծ օգուտ է տվել»,- ասաց պատգամավորը, ապա ներկայացրեց իր առաջարկը:

«Մենք այսօրվա արհավիրքի դեմ հետագաում շատ փորձություններ պետք է անցնենք: Մեզ նաև հոգևոր սնունդ է պետք, որպեսզի մեր ժողովուրդը համախմբվի նորից և դիմակայի այս արհավիրքին: Ես առաջարկում եմ կաթողիկոսին խնդրանքով դիմել, որ Գեղարդը շրջի ՀՀ ամբողջ տարածքով, և մենք աշխարհին ապացուցենք, որ քրիստոնյա ենք և մեր հավատով կարող ենք օգուտ տալ մեր ժողովրդին»,- ասաց Միքայելյանը՝  նշելով, թե պատասխան չի ակնկալում: