Թրամփը որոշել է կորոնավիրուսն այլևս «չինական վարակ» չանվանել. CNN

17:32 • 25.03.20

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հետ զրույցում հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսն այլևս չի մտազուգորդի Չինաստանի հետ, ինչպես որ նախկինում էր արել՝ այն «չինական վարակ» անվանելով:

Ինչպես նշում է CNN-ը, առողջապահության ոլորտի փորձագետներն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել են, որ նման ձևակերպումը ոչ միայն ճիշտ չէ, այլև վարկաբեկիչ:

«Տեսեք, բոլորն էլ գիտեն, որ դա Չինաստանից է եկել, բայց ես որոշել եմ, որ մենք այդ ամենից այլևս մեծ հարց չենք սարքելու: Կարծում եմ՝ մարդիկ ամեն ինչ հասկանում են»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Միևնույն ժամանակ Թրամփը հավելել է, որ չի ափսոսում վարակի վերաբերյալ իր օգտագործած արտահայտությունների համար: Նա ընդգծել է, որ «չինական վարակ» արտահայտությունը սկսել է կիրառել այն ժամանակ, երբ չինական լրատվամիջոցները սկսել են ամերիկացի զինծառայողներին մեղադրել վարակի տարածման համար:

Ինչ վերաբերում է «չինական վարակ» արտահայտության՝ ռասիստական լինելու վերաբերյալ մեղադրանքներին, ապա ԱՄՆ նախագահն ասել է, որ դա այդպես չէ:

«Ոչ, այն բացառապես ռասիստական չէ: Ուզում եմ ճշտում մտցնել՝ այն եկել է Չինաստանից»,-ասել է Թրամփը:

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 435 036-ի, որից 19 607-ը՝ մահվան ելքով։  Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 111 870 մարդ։ Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: