Կորոնավիրուսի առաջին դեպքերի հետքերով․ չինական «Պենպայ» պարբերականն անդրադարձել է նոր տեսակի կորոնավիրուսի առաջին դեպքերին
Չինական «Պենպայ» թերթն անդրադարձել է նոր տեսակի կորոնավիրուսի օջախ դարձած Ուհան քաղաքում ի հայտ եկած առաջին դեպքերին՝ անցկացնելով իր «փոքրիկ հետաքննությունը», գրում է ria.ru-ն։
Չինաստանի Ուհան քաղաքի ծովամթերքի «Հուանան» շուկայում ծովախեցգետնի վաճառողուհին առաջին մարդն էր, որի մոտ հաստատվել է COVID-19 վարակը, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե որտեղ և ինչպես է վարակվել կինը կամ արդյոք նա եղել է «զրոյական հիվանդ», գրում է աղբյուրը։
Տարաձայնություններն առ այն, թե արդյոք ծովամթերքների շուկան վարակի տարածման սկզբնաղբյուրն է, թե վիրուսը հայտնվել է այլ վայրից, դեռևս շարունակվում են: Մասնագետներին առայժմ չի հաջողվել բացահայտել «զրոյական հիվանդին» կամ պարզել՝ ինչպես, երբ և ինչ հանգամանքներում վիրուսը կարող էր կենդանուց մարդուն փոխանցվել։
Թերթի աղբյուրների համաձայն՝ ծովամթերքի «Հուանան» շուկայում կենդանի ծովախեցգետնի վաճառքով զբաղվող Վեյ անունով կնոջ մարմնի ջերմաստիճանը 2019 թվականի դեկտեմբերի 11-ին անհայտ հանգամանքներում բարձրացել է: Հետագայում պարզվել է, որ հենց նա է դարձել COVID-19-ով վարակվելու առաջին հաստատված դեպքը, գրում է պարբերականը։
Ուհան քաղաքի առողջապահության կոմիտեն դեկտեմբերի 31-ին հաղորդել է, որ վարակվածների առաջին խմբում 27 մարդ է եղել: Այն ժամանակ ընդգծվում էր, որ մարդուց մարդուն հիվանդության փոխանցման ակնհայտ նշաններ չկան, սակայն հունվարին հաստատվեց, որ այն մարդուց օդակաթիլային ճանապարհով փոխանցվում է մարդուն:
Թերթի աշխատակիցներին հաջողվել է ստանալ կորոնավիրուսով վարակվածների առաջին խմբի ցուցակի պատճենը, որից հետևում է, որ 24 մարդ «Հուանան» շուկայի հետ շփումներ է ունեցել, ընդ որում՝ նրանցից չորսը միևնույն ընտանիքի անդամներ են:
Ցուցակում առաջին ախտանշանները հայտնաբերվել են հիշյալ կնոջ մոտ։ Ըստ հաղորդման՝ երբ նրա մարմնի ջերմաստիճանը բարձրացել է, կինը դիմել է իր տան առաջին հարկում գտնվող կլինիկա։
Կինը պատմել է, որ զբաղվում է բիզնեսով և այդ պատճառով չի կարող իրեն թույլ տալ տանը մնալ։ Նա հայտնել է, որ սովորաբար, երբ վատ է զգացել, գնացել է հիվանդանոց, այնտեղ նրան ներարկումներ են արել, և հաջորդ օրը նրա ինքնազգացողությունը փոքր-ինչ բարելավվել է: Բայց այդ անգամ նույնիսկ երկու ներարկումները չեն օգնել նրան, և վերջինս դիմել է մեկ այլ հիվանդանոց, որտեղ նույնպես չի կարողացել օգնություն ստանալ, ապա նա որոշել է մնալ տանը և ինքնուրույն դեղորայք ընդունել: Դեկտեմբերի 16-ին կինը դիմել է Wuhan Union Hospital հիվանդանոց։
Ուսումնասիրելով նշված ցուցակը՝ լրագրողներին հաջողվել է բացահայտել, որ վարակվածներից մեկը ոչ մի կապ չի ունեցել «Հուանան» ծովամթերքի շուկայի հետ։ Չեն անունով տղամարդն, ըստ հաղորդման, ջերմել է դեկտեմբերի 16-ին և հիվանդանոց է դիմել Ուհան քաղաքի Ցզյանսյա արվարձանում։
Տղամարդը բժիշկներին պատմել է, որ զբաղվում է ֆինանսական գործերով և կապ չի ունեցել կենդանի թռչնի կամ շուկայի հետ, որից ապրում է ավելի քան 30 կիլոմետր հեռավորության վրա: Տղամարդն այդպես էլ չի կարողացել հասկանալ, թե որտեղ և ինչ հանգամանքներում է վարակվել։
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:










