Ճգնաժամը հաղթահարելու համար իշխանությունները՝ վարչապետի գլխավորությամբ պետք է հրաժարվեն սիրողական, միայնակ ու մանկական քայլերից․ Նարինե Դիլբարյան
Ճգնաժամը հաղթահարելու համար իշխանությունները՝ վարչապետի գլխավորությամբ պետք է հրաժարվեն սիրողական, միայնակ ու մանկական քայլերից, իրականացնեն քաղաքական խորհրդակցություններ, գործեն համաձայնեցված և համախմբված, ժամանակն է օգտագործել բոլորի ներուժը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը:
«Դա ճգնաժամային կառավարման հիմնական նախապայմանն է: Ներքաղաքական, արտաքին քաղաքական, տարբեր տիպի գլոբալ հակասություններն այս իրավիճակում պետք է մի կողմ դրվեն, պետք է ծավալվեն քննարկումներ բոլոր ոլորտներում՝ տնտեսական, կրթական, առողջապահական: Իմ համոզմամբ՝ որպես երկրի ղեկավար քննարկումները պետք է նախաձեռնի վարչապետը: Այդ դեպքում մենք իսկապես կստանանք հարթակներ, որտեղից հնարավոր կլինի առավել արդյունավետ քայլեր ձեռնարկել»:
Նարինե Դիլբարյանի խոսքով՝ իշխանությունները հույսը չպետք է դնեն թիմային գաղափարների վրա: «Եթե հիմա մենք հակաճգնաժամային արդյունավետ քայլեր չձեռնարկենք, ապա հետագայում ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնենք: Ընդդիմություն-իշխանություն սահմանը հարթվել է, ճգնաժամի դեպքում գոյություն ունի մեկ ընդհանուր թշնամի, դա ճգնաժամը ծնող պատճառն է»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է ճգնաժամային իրավիճակում ընդդիմություն-իշխանություն սահմանը հարթվել, եթե երեկ վարչապետը խորհրդարանի ամբիոնից կրկին թիրախավորեց նախկիններին, կրկին խոսեց սահմանադրական հանրաքվեի անցկացման անհրաժեշտության մասին, Նարինե Դիլբարյանն ասաց.
«Ես կարծում եմ՝ դրանք մանկական, պահի տակ ծնված քայլեր արտահայտություններ են, որոնք պետք է հաղթահարվեն: Եթե ճգնաժամային կառավարման ժամանակ չկա ազգային համերաշխություն, այդ պետությունը կանգնում է լրջագույն մարտահրավերի առջև: Այո, ես առայժմ տեսնում եմ, որ իշխանությունը չի ուզում համախմբել բոլորի ուժերը, ցանկացած քննադություն ընկալվում է որպես թշնամանքի արտացոլում, բայց կարծում եմ իրենք դա պետք է հաղթահարեն, որքան էլ իրենց համար նախկիներն ուրվական լինեն, ներկայի ոչ թե ուրվականը, այլ իրական վտանգը շատ ավելի մեծ է: Կուսակցությունների միջև ներքին հակասությունները չեն կարող նրանց լսելուց հրաժարվելու պատճառ դառնալ»,-ընդգծեց նա:
Նարինե Դիլբարյանը կարծում է, որ պարետատունը համաճարակային իրավիճակին արձագանքում է, համապատասխան քայլեր են ձեռնարկվում, բայց եթե սահմանափակումներին չհետևեն տնտեսական արդյունավետ քայլեր, կստացավի, որ ճգնաժամը չի հաղթահարվում:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը անդրադարձավ նաև օրավարձով աշխատողների խնդրին: Ըստ նրա՝ վարչապետը շատ լավ գիտի՝այդպիսի մարդիկ շատ-շատ են:
«Ցանկացած տնտեսական մշտադիտարկում կհասատի, որ այդ մարդկանց քանակը շատ մեծ է: Այո, այդ մարդիկ իրենց եկամուտները չեն ներկայացնում՝վախենալով հարկային բեռից, բայց դա չի նշանակում, որ իրենք այս երկրի քաղաքացիները չեն: Ես չեմ ցանկանում արդարացնել հարկ չվճարողներին, բայց միշտ պետք է ելնել այն իրավիճակից, ինչ ունենք, մենք չենք կարող նրանից հրաժարվել: Ունենք պահուստային ֆոնդեր, որոնք պետք է օգտագործենք: Ցավոք սրտի, համաճարակից առաջ այդ միջոցները շռայլ օգտագործման միտում ունեցան՝ պարգևավճարների տեսքով»,-նշեց նա:
Նարինե Դիլբարյանն ասաց, որ պաշտոնյաներին առհասարակ չպետք է պարգևավճար հատկացվեր, որ հիմա էլ որոշեին այն փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման հիմնադրամին: Ըստ նրա՝ առհասարակ պետական ծախսերը պետք է կրճատվեն:










