Զարմանալի է, որ երկրի վիճակից տեղյակ մարդը կարող է նման հայտարարություն անել. Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետի հայտարարության մասին, թե ՀՀ-ում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի
Զարմանալի է, որ երկրի վիճակից տեղյակ մարդը կարող է նման հայտարարություն անել: Առիթ է ստեղծվել, որ պետութունը ցույց տա իր պետությունը լինելը և քաղաքացիներին ապահովի նվազագույն պահանջմունքներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հնչեցրած այն հայտարարությանը, թե «ՀՀ-ում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի»:
«Շատ վատ է, որ վարչապետը չգիտի, որ երկրում օրավարձով աշխատողներ կան: Նրանք բազմաթիվ են՝ վարորդներ, վաճառողներ, երաժիշտներ, տնային աշխատողներ, մատուցողներ, դայակներ և այլն»,-ասաց պատգամավորը՝ նշելով նաև, թե Արտակարգ ռեժիմի մասին ՀՀ օրենքով հստակ պարտականություն է դրված Կառավարության վրա՝ որոշում կայացնել փոխհատուցել արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական անձանց կրած հետևանքները: «Ընդ որում՝ ֆիզիկական անձ ասելով՝ օրենքը նկատի չունի միայն վարձու աշխատողին, այլև անհատ ձեռներեցներին, որոնք ևս արտակարգ իրավիճակի հետևանքով դարձել են գործազուրկ: Կառավարությունը պետք է դա կատարի»,-ասաց Պետրոսյանը:
Նա նշեց, թե երբ դա երեկ ԱԺ-ում ներկայացրել է, փորձ է արվել մանևրել՝ ասելով, որ դա վերաբերում է միայն իրական վնասների փոխհատուցմանը, բայց եթե օրենքում ասվում է վնաս՝ չշեշտելով իրական բառը, ապա փոխահատուցում է ենթադրվում նաև բաց թողնված օգուտի համար: «Բայց այս պահին կառավարության կողմից նման որոշում չկա. լինելու դեպքում պետք է այս օրերի ընթացքում կքննարկվեր և հայտարարվեր: «Շուտով» ասելով՝ չի կարելի ժողովրդին կերակրել ու ժամանակ շահել»,-ասաց պատգամավորը:
Նա, անդրադառնալով վարչապետի նշած ցուցակներին, որոնցում վերջին ամիսներին աջակցության համար դիմածներն ու գործազրկություն ունեցողներն են, նշեց, որ այժմ խոսքը վերաբերում է ոչ թե գործազուրկներին, այլ մարդկանց, որոնք կայուն զբաղվածութուն են ունեցել, և արտակարգ իրավիճակի հետևանքվ այսօր իրենց արգելում են աշխատել: «Թող որևէ մեկը չփորձի ոչ հեքիաթ պատմել, ոչ ծաղրել մարդկանց: Վտանգավոր է, երբ մարդը գալիս է իշխանության և մոռանում՝ ինչ խոստումներով ու հավաստիացումներով է ժողովրդի վստահությունը շահել»,-ասաց նա:
Վերջինիս պնդմամբ՝ կատարվող խստացումներից առաջ Կառավարությունը պետք է հոգ տանի, որ բնակչության կենսապայմաններն ապահովվեն: «Միջոցառումներ, այո, պետք է արվեն, և դրանք բխում են արտակարգ իրավական ռեժիմի մասին օրենքի պահանջներից, բայց դրանք պետք է արվեն խելամիտ, և դրանց զուգահեռ էլ՝ պետությունը պետք է տնտեսական ծրագիր իրականացնի: Ասում էին՝ բյուջեում փող կա, ծախսելու տեղ չկա, այ ծախսելու տեղ հիմա կա․ ժողովրդին աջակցություն ցուցաբերել, որ մարդիկ դուրս գան այս վիճակից»,-ասաց Պետրոսյանը:
Նա ընդգծեց՝ պետությունը պետք է հիշի, որ ոչ միայն քաղաքացիները պարտականություններ ունեն, այլև պետությունը: «Առիթ է ստեղծվել, որ պետութունը ցույց տա իր պետությունը լինելը և քաղաքացիներին ապահովի նվազագույն պահանջմունքներով: Այսօր դժգոհում են, թե մասնավոր գործարարները չեն աջակցում աշխատակիցներին: Մասնավոր գործարարն այդպիսի իրավական պարտականություն չունի: Ըստ աշխատանքային օրենսգրքի՝ ֆորսմաժորային հանգամանքներում գործատուն իրավունք ունի չվարձատրել: Գործատուն չի վարձատրում, բայց մարդը դադարո՞ւմ է պետության քաղաքացի լինել: Իրեն սոցիալական հռչակող պետությունը ոչ թե շեշտը պետք է «լայվերով» պետություն կառավարելու վրա դնի, այլ հանձնարարականներ տա, որ հոգան մարդկանց նվազագույն պահանջմունքները»,-ամփոփեց Գևորգ Պետրոսյանը:










