Շվեդիան կորոնավիրուսի պատճառով առողջապահական թույլ համակարգ ունեցող երկրներից հետ է կանչել իր դիվանագետներին. Eurointegration

14:56 • 26.03.20

Շվեդիայի արտգործնախարարությունը նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով թույլ առողջապահական համակարգ ունեցող երկրներից հետ է կանչել իր դիվանագետներին, հայտնում է eurointegration.com կայքը։

Գնահատելով բոլոր ռիսկերը՝ նախարարությունը կազմել է 21 երկրի ցանկ, որում հիմնականում ներառվել են աֆրիկյան երկրներ, ինչպես նաև Բանգլադեշը, Պակիստանը, Աֆղանստանը և Ուկրաինան։ Սակայն նշվում է, որ այս երկրներում Շվեդիայի դեսպանատներն ամբողջովին չեն փակվի։

«Մենք նաև պետք է հաշվի առնենք, որ մեր որոշ աշխատակիցներ, հնարավոր է՝ նրանց ընտանիքի անդամները կարող են ռիսկային խմբում հայտնվել»,- ասվում է գերատեսչության տարածած հայտարարաությունում:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 471 794-ի, որից 21 297-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 114 700 մարդ։