Եգիպտոսում բեռնատարը բախվել է 14 այլ մեքենաների. 16 մարդ մահացել է, ևս 15-ը՝ տուժել. РИА Новости

05:29 • 26.03.20

Նվազագույնը 16 մարդ մահացել է, 15-ը տուժել են Եգիպտոսի Գիզա նահանգի Էս Սաֆ քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով Sada el-Balad հեռուստաալիքին:

Աղբյուրի համաձայն՝ բեռնատարը մեծ արագությամբ բախվել է 14 այլ ավտոմեքենաների, որոնք կանգնած են եղել բլոկպոստի մոտ՝ կապված երկրում իշխանությունների կողմից սահմանված պարետային ժամի հետ:

Ավելի վաղ երկրի վարչապետ Մուստաֆա Մադբուկին հայտնել էր չորեքշաբթի օրվանից պարետային ժամ սահմանելու մասին: Այն գործելու էր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ամբողջ երկրի տարածքում տեղի ժամանակով 19:00-ից, առավոտյան 6-ը:

Ըստ լրատվամիջոցի՝ Եգիպտոսը հայտնի է իր ճանապարհային վատ ենթակառուցվածքներով: Համաձայն ԱՀԿ-ի, Եգիպտոսում ամեն տարի ավտովթարների հետևանքով մոտ 12 հազար մարդ է մահանում: