Գերմանիայի առողջապահության նախարարը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն անվանել է «լռություն փոթորկից առաջ». «ՌԻԱ Նովոստի»

17:45 • 26.03.20

Գերմանիայի Դաշնային Հանրապետության առողջապահության նախարար Յենս Շպանը երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն անվանել է «լռություն փոթորկից առաջ», կորոնավիրուսը, ըստ նրա, դարձել է ամենամեծ մարտահրավերն առողջապահության համար վերջին 75 տարվա ընթացքում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Քաղաքացիները կրում են Գերմանիայի պատմության մեջ քաղաքացիական ազատությունների ամենախիստ սահմանափակումները: Բժիշկներն ու առողջապահության համակարգի աշխատակիցները պատրաստվում են վերջին 75 տարվա ամենամեծ մարտահրավերին: Մենք Գերմանիայում արդեն շատ հիվանդներ ու զոհեր ունենք: Բայց դա լռություն է փոթորկից առաջ: Ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա հաջորդ շաբաթների ընթացքում»,-ասել է առողջապահության նախարարը:

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հասել է 36 508-ի, 198 մարդ մահացել է:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 488 055-ի, որից 22 049-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 117 600 մարդ։