Արդեն ՀՀ-ում ունենք կորոնավիրուսի արագ թեստեր, պետք է ամեն ինչ անենք, որ հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսը Արցախ մուտք չգործի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ մեր որոշման մեջ կատարեցինք որոշակի փոփոխություններ, և այդ փոփոխություններով խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները բերվեցին նվազագույն մակարդակի, դրանք վերաբերում են բացառապես առողջապահական թեմաներին: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին, մինչև օրակարգին անցնելը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարծում եմ, որ գործող ռեժիմը շատ կարևոր էր, ընդհանուր առմամբ, որոշակի հավասարակշռված դաշտ պահելու համար»,-ասաց նա և կոչ արեց, կորոնավիրուսի հետ կապված, վստահեն միայն կառավարության և պաշտոնական մարմինների տված տեղեկությանը և ուշադիր լինեն ապատեղեկատվության նկատմամբ:
Վարչապետն անդրադարձավ նաև մարտի 31-ին Արցախում տեղի ունեցող նախագահական և խորհրդարանական ընտրություններին և նշեց, որ սպասում են դիտորդների մասնակցության:
«Մենք այսօր արդեն ՀՀ-ում ունենք կորոնավիրուսի արագ թեստեր։ Պարո՛ն Ավինյան, եկեք պայմանավորվենք, համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք՝ ռիսկային գոտիներից են, թե ոչ։ Եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք նրանց փոխարինեն այլ դիտորդներով: Ամեն ինչ անենք, որ հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսը Արցախ մուտք չգործի»,-ասաց նա՝ դիմելով փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տասնյակ մարդիկ թեստավորվել են Արցախում, բայց կորոնավիրուսի ոչ մի դեպք չի հաստատվել:










