Կորոնավիրուսի տարածման հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին օժանդակություն կտրամադրվի (տեսանյութ)
Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառումը։ Նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Ըստ նախագծի հիմնավորման՝ նախագծի ընդունման արդյունքում կտրամադրվի օժանդակություն կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին:
Այսպիսով միջոցառման շահառու են բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.
. Երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչև 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում
.Ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչև 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել
․ Ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչև 2020 թ. մարտի 25-ը ներառկալ ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհետ կորած
․ Միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչև 2020 թ մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:
Նախարարը նշեց, որ աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով: «Աջակցությունը տրամադրվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար, կամ հարյուր հազար դրամի սահմաններում»,-ասաց նա և նշեց, որ այս հարցը դեռևս չի որոշվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ ծրագրից ոչ կարիքավորները չօգտվեն: Ինչ վերաբերում է այլ խմբերին օգնություն տրամադրելուն, ապա վարչապետն ասաց. «Պետք չէ մեզ հիշեցնել ովքեր կան ՀՀ-ում, մենք բոոլորի մասին գիտենք, ոչ մեկի մասին չենք մոռացել, քայլ-քայլ օրակարգը ձևավորված է, գնում ենք առաջ»,-ասաց նա:
Վարչապետը կառավարության ներկայացուցիչներին կոչ արեց բոլոր հինգ ծրագրերով աշխատել օր ու գիշեր, շաբաթ-կիրակի: «Չորեքշաբթի առավոտյան ժամը 9:00-ից այս բոլոր ծարգրերը պետք է հասանելի լինեն»,-ասաց նա:










