«Դուք ամբողջ Ռուսաստանի հպարտությունն եք». Միշուստինը Լավրովին պարգևատրել է Ստոլիպինի անվան մեդալով

14:08 • 26.03.20

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորել է երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովին հոբելյանի կապակցությամբ, նրան պարգևատրել Ստոլիպինի անվան մեդալով և նշել է, որ ռուսական դիվանագիտության ղեկավարը ողջ երկրի հպարտությունն է հանդիսանում: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Սերգեյ Լավրովը մարտի 21-ին նշել է ծննդյան 70-ամյակը:

«Ես ցանկանում եմ դիմել Սերգեյ Վիկտորովիչ Լավրովին նրա ծննդյան տարեդարձի կապակցությամբ և ցանկանում եմ ասել, որ մենք ձեզ Ստոլիպինի անվան մեդալ շնորհելու մասին համապատասխան հրամանագիր ենք ստորագրել: Ցանկանում եմ շնորհավորել ձեզ այդ առիթով»,-դիմել է Միշուստինը Լավրովին մարտի 26-ին կայացած կառավարության նիստի ժամանակ:

ՌԴ վարչապետն ընդգծել է, որ կառավարության անդամների համար մեծ պատիվ է աշխատել նման պրոֆեսիոնալի հետ, ում հարգում և ճանաչում են ամբողջ աշխարհում:

«Մենք շատ բարձր ենք գնահատում ամենադժվար պահերին արժանապատվությունը պահելու և այդ իրավիճակներից ամենաճիշտ, երբեմն միակ ելքը գտնելու ձեր կարողությունը: Դուք ամուր և հետևողականորեն պաշտպանում եք Ռուսաստանի շահերը համաշխարհային հարթակում, և դուք ոչ միայն ռուսական դիվանագիտության, այլ նաև ամբողջ Ռուսաստանի հպարտությունն եք»,-հավելել է Միշուստինը:

Ստոլիպինի մեդալը ՌԴ կառավարության պարգևն է, որը տրվում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական հարցերի լուծման գործում ունեցած ներդրումների համար: