Մեր հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք, վարակվածների մի մասին պետք է տեղափոխենք հյուրանոցներ. վարչապետ (տեսանյութ)

11:43 • 26.03.20

Հայաստանում այսօր ունենք կորոնավիրուսով վարակվելու 290 դեպք հաստատված, երկու հոգու վիճակը ծանր է, նրանցից մեկը ազգությամբ հայ չէ, նրանք երկուսն էլ 75 տարեկանից բարձր են, ունեցել ենք 18 առողջացած քաղաքացի, 100 քաղաքացի մեկուսացման ռեժիմից դուրս է եկել և այսօր էլ սպասում ենք առողջացման և ապամեկուսացման դեպքերի: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին վերջին տվյալներն ամփոփեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք մեր հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք և հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք բուժում չեն ստանում և հիվանդանոցում նրանց գտնվելը արդարացված չէ: Մենք ունեցանք քննարկում և որոշեցինք, որ թեթև դեպքերին, որոնք մեծամասնությունն են, փորձենք աշխատել հյուրանոցների հետ, որ այդ հայրենակիցներին տեղափոխենք այնտեղ՝ ապահովելով սնունդը և այլ կարիքներ»,- ասաց նա և նշեց, որ դա նաև լավ է հյուրանոցների համար, որոնք այսօր դատարկ են:

Վարչապետը նշեց, որ մտածում են նաև հյոււրանոցային բիզնեսին ինչպես աջակցեն և պետք է բանակցել հյուրանոցների հետ, որ շուկայական գին չառաջարկեն, թեև հիմա շուկայական գին չկա: «Կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսի տարածման վատագույն սցենարը չէ, այլ տեղի է ունենում աշխարհում արձանագրված լավագույն սցենարներին մոտ սցենարներով, եթե իհակե մեզ հաջողվի իրավիճակը պահել հսկողության տակ»,-ասաց նա և նշեց, որ այլ երկրներում թվերը երկրաչափական պրոգրեսիայով են աճում, մեզ մոտ այդպիսի աճ չկա:

Փոխվարչապետը Տիգրան Ավինյանը հայտնեց, որ նախկինում Երևանում մինչև 550,000 ուղևոր ենք ունեցել, որոնք տարբեր տրանսպորտային միջոցով տեղափոխվել են, իսկ երեկ ունեցել ենք 18 հազար ուղևոր, ինչը նշանակում է, որ ուղևորահոսքը 30 անգամ կրճատվել է, մոտավորապես նույն տվյալներն են մարզերում: Նա նշեց, որ ոստիկանությունը 158 արձանագրություն է կազմել խախտման: «Հուսով եմ, որ այս նվազ տեմպերը կպահպանվեն, մենք մեր մատնանշած յոթօրյա ժամկետում կտեղավորվենք և ավել օրեր չենք խնդրի քաղաքացիներից»,- ասաց նա:

Տիգրան Ավինյանը կոչ արեց այն հյուրանոցների տնօրեններին, ովքեր պատրաստ են համագործակցել, կապվեն տուրիզմի կոմիտեի հետ: «Բոլոր հյուրանոցները ճգնաժամային իրավիճակում են»,-ասաց նա:

Ոստիկանապետ Արման Սարգսյանը հայտնեց, որ տեղաշարժի սահմանափակման կանոնները խախտելու վերաբերյալ այսօր՝ 8:30 ի դրությամբ, 286 արձանագրություն են կազմել և բերման է ենթարկվել 60 քաղաքացի, որոնց նկատմամբ նույնպես արձանագրություններ են կազմվել:

«Բացի այդ, 685 տրանսպորտային միջոց երթևեկել է 2-ից ավելի ուղևորով, որոնց զգուշացվել է, իսկ 9 ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ՝ ավել նստատեցով ուղևորներ ունենալու համար արձանագրություններ են կազմվել՝ համապատասխան հոդվածներով»,-ասաց նա: