Ռուանդայում ինքնամեկուսացման կանոնները խախտած տղամարդուն հոշոտել է կոկորդիլոսը

17:37 • 26.03.20

Ռուանդայում տղամարդը խախտել է նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված ինքնամեկուսացման կանոնները և գնացել ձկնորսության, որտեղ մահացել է կոկորդիլոսի հարձակման հետևանքով, գրում է BBC լրատվականը։

«Տղամարդը խախտել է տանը մնալու կանոնները․ նա այստեղ շատ քիչ մարդկանց թվում է, որոնք հրաժարվում են վիրուսի կանխարգելման համար ինքնամեկուսանալ»,- հայտնել է հյուսիսային Կամոնյի քաղաքի քաղաքապետ Ալիս Քեյիթեսին։

Տեղեկությունների համաձայն՝ տղամարդուն, որի անունը չի հաղորդվում, կոկորդիլոսը հոշոտել է չորեքշաբթի Նյաբարոնգո գետի մոտակայքում։

12 միլիոն բնակչություն ունեցող աֆրիկյան այս պետությունում գրանցվել է COVID-19-ով վարակման 40 դեպք․ մահացության որևէ դեպք այստեղ չի գրանցվել։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 488 055-ի, որից 22 049-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 117 600 մարդ։