Գյուղացիների 90 տոկոսին բանկը կասի` վստահելի հաճախորդ չես. մեզ մեր ապրանքն իրացնելու պայմաններ են պետք. Արշալույսի բնակիչներ (տեսանյութ)
Գյուղացին արտադրում է և չի կարողանում իրացնել, գյուղացուն տրվող արտոնությունները կլինեն արդյունավետ, եթե շուկաներում շարժ լինի, հիմա հայտնի պատճառով շարժ չկա: Այս մասին Tert.am-ի հարցախույզի ընթացքում նշեց Արմավիրի մարզի Արշալույս համայնքի գյուղատնտեսներից մեկը: Նա ասաց, որ հետևել է կառավարության վերջին նիստին և իր կարծիքով՝ 0 տոկոսադրույքով վարկեր տրամադրելը լավ որոշում է, բայց դրանից կօգտվեն հիմնականում խոշոր հողատերերը:
«Գյուղացիների 90 տոկոսը բանկերի «սև ցուցակում» է, բանկերը կասեն՝ վստահելի հաճախորդ չեք և վարկ չեն տան: Մի տարի կարկուտ է եկել, ժամանակին չենք կարողացել վճարումներ անել, ապրանքը չենք կարողացել իրացնել ու վարկը մարել. նման հարցեր կան: Հիմա էլ կանաչի ունեմ, բայց չեմ կարողանում ծախել. առաջ գալիս ու հենց դռան մոտից էին տանում: Շատ դժվար է, կորոնավիրուսն ամբողջ երկրագնդի մասշտաբով է վնաս տալիս, պիտի հաղթահարենք այս իրավիճակը: Օգնությունը պետք է լինի հասցեական»,-ասաց գյուղացին:
Արշալույս համայնքի մթերային խանութներից մեկում մեր հարցախույզի ընթացքում ասացին, որ այս օրերին համայնքի բնակիչներն ավելի շատ ապրանքները գնում են պարտքով. «պարտքի ցուցակը» ընդլայնվել է:
Մանրամասները՝ տեսանյութում










