«Շոու-բիզնեսի ներկայացուցիչների շրջանում իրարանցում է սկսվել». Սոբչակը պատմել է, թե աստղերից ում հետ է շփվել կորոնավիրուսով վարակված Լեշչենկոն․ Telegram (լուսանկարներ)

19:32 • 27.03.20

Ռուս հաղորդավարուհի, լրագրող Քսենիա Սոբչակն իր Telegram-ալիքում պատմել է, որ կորոնավիրուսով վարակված երգիչ Լև Լեշչենկոն ներկա է եղել պրոդյուսեր Իգոր Կրուտոյի քրոջ ծննդյան օրվա հանդիսությանը։

«Շոու-բիզնեսի ներկայացուցիչների շրջանում իրարանցում է սկսվել»,- գրել է Սոբչակը:

Նշվում է, որ միջոցառմանը ներկա է եղել նաև կոմպոզիտոր Իգոր Նիկոլաևը, որին մարտի 26-ին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածանքով: Նրա կինը՝ երգչուհի Յուլիա Պրոսկուրյակովան, Instagram-ում խնդրել է չանհանգստացնել ո՛չ իր ամուսնուն և ո՛չ էլ իրեն։

Ըստ հաղորդման՝ Ալլա Կրուտոյի ծննդյան միջոցառմանը ներկա են գտնվել երգիչ Նիկոլայ Բասկովը, երգիչ Ալեքսանդր Սերովը, երգչուհի Իրինա Ալեգրովան, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և այլք։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երգիչ Լև Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

Լեշչենկոյի բժշկի խոսքով՝ վերջինս դեռևս մի քանի օր առաջ է ընդունվել ստացիոնար բուժման՝ թոքաբորբի կլինիկական և ռենտոլոգիական պատկերով։ Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ արտիստը վարակված է կորոնավիրուսով։

Բժիշկը նշել է նաև, որ հիվանդանոց տեղափոխվելու առաջին օրերին նրա վիճակը վատացել է, և վերջինս շնչարգելության հետևանքով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

«Այսօրվա դրությամբ հիվանդի վիճակը կայուն է, և նա հավելյալ թթվածնի կարիք չունի»,- գրել է հիվանդանոցի գլխավոր բժիշկը։