Այս պահին առաջնագծի զորամասերում կորոնավիրուսի վարակի գրանցված որևէ դեպք չունենք. ՊՆ խոսնակ (տեսանյութ)

14:48 • 27.03.20

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց տվեց, թե ինչ վիճակում են մեկուսացված զինծառայողները:

Շուշան Ստեփանյանին ուղեկցող բուժաշխատողը ցույց տվեց մեկուսացված զինծառայողների սենյակները և ասաց, որ նրանց հետ կոնտակտի մեջ մտածները ևս մեկուսացված են:

Մեկուսացված զինծառայողներից մեկն ասաց, որ իրեն լավ է զգում: «Մեր այստեղ գտնվելը դեռ ոչ մի բան չի նշանակում, մենք ցանկացած պահի պատրաստ ենք լուծել մեր առջև դրված խնդիրները: Ցանկանում եմ, որ մեր վարակված ծառայակիցները շուտափույթ ապաքինվեն»,-ասաց զինծառայողը:

Զինծառայողներից մեկն էլ նշեց, որ իրենց տրամադրությունը միշտ մարտական է, իրավիճակն էլ մեկուսացում չեն համարում, որովհետև հանգստանում են, գիրք են կարդում, սնունդից գոհ են:

ՊՆ խոսնակը հիշեցրեց, որ մեկուսացված զինծառայողները մարտական խնդիրներում չներգրավված զորամասի անձնակազմից են, և այս պահին առաջնագծի զորամասերում վարակման գրանցված որևէ դեպք չունենք:

Մանրամասները՝ տեսանյութում