Երկրի ղեկավարի հետ խիստ մասնավոր խոսակցություններ վարող, անգամ գործատուից բողոքող մարդկանց հետ պատահելիք հնարավոր հետևանքների համար պատասխանատվություն ո՞վ է կրելու․ Հայկ Ա․ Մարտիրոսյան

19:44 • 27.03.20

Քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանի պատահական համարներին կատարած զանգերին և քաղաքացիների հետ ունեցած զրույցներին։ Նա հարց է բարձրացրել առ այն, թե ով է կրելու երկրի ղեկավարի հետ խիստ մասնավոր խոսակցություններ վարող, անգամ գործատուից բողոքող մարդկանց հետ պատահելիք հնարավոր հետևանքների համար պատասխանատվությունը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Երկրի ղեկավարին էթիկային վերաբերող խորհուրդ տվողներ կա՞ն արդյոք:

Մարդը վերցնում-զանգում է անծանոթներին, անձնական բնույթի հարցեր տալիս, մարդիկ սկսում են պատմել, գանգատվել, մասնավոր պատմություններ ներկայացնել և անգամ իրենց գործատուից բողոքել և այդ ամենը եթերում է հայտնվում` առանց անգամ խոսողների ի սկզբանե գիտության:

Ծանուցումը մի անգամ միայն, այն էլ`մեկ բառով` «քանի որ ուղիղ եթերում ենք»-ով առաջին խոսակցության կեսերին է արվում, հետո` ընդհանրապես չի էլ արվում ևս մեկ կիսատ-պռատ բացառությամբ: Ընդ որում`հեռախոսահամարի հավաքման գործընթացը հիմնականում թափանցիկ է և համարները հեշտորեն կարելի է կռահել:

Առանց զրուցակիցների հստակ և բացահայտ իրազեկման և հստակ և բացահայտ համաձայնության՝ երկրի ղեկավարի հետ խիստ մասնավոր խոսակցություններ վարող մարդկանց հետ պատահելիք հնարավոր հետևանքների համար պատասխանատվություն ո՞վ է կրելու:

Եվ որտեղի՞ց է այս սարսափելի ֆորմատը որդեգրվել:

Ո՞ր քաղաքակիրթ երկրում է Շահ Աբբասի մեթոդն այլևս հրապարակային հեռարձակվում ողջ երկրին՝ ուղիղ եթերով․․․»։