Սինգապուրում մարդկանց կես տարով բանտ կնստեցնեն իրար 1 մետրից պակաս հեռավորության վրա գտնվելու դեպքում. Time

14:10 • 27.03.20

Սինգապուրում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով սահմանված սահմանափակումների շրջանակում իրար չափից ավելի մոտ կանգնող կամ նստող մարդիկ կտուգանվեն 7000 դոլարով կամ կպատժվեն 6 ամիս ազատազրկմամբ, գրում է time.com կայքը։

Նոր օրենքները երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ուժի մեջ են մտել ուրբաթ օրվանից։ Երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված կանոնների համաձայն՝ անձը, որը հանրային վայրում կանխամտածված կերպով մեկ ուրիշից մեկ մետր հեռավորությունից մոտ է նստում կամ կանգնում հերթում, կմեղադրվի հանցագործության մեջ։ Սահմանափակումները ենթադրում են նաև, որ կառավարության կողմից կարմիր գծով նշված, այսինքն՝ արգելված վայրերում նստող մարդիկ նույնպես կպատժվեն օրենքով սահմանված կարգով։

Երկրում խիստ կարանտինային ռեժիմի շրջանակներում փակվել են զվարճանքի մի շարք կենտրոններ, չեղարկվել են բազմամարդ միջոցառումները և այլն։

Հայտնի է, որ Սինգապուրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը դեռևս հունվարին է գրանցվել, սակայն երկրի իշխանություններին հաջողվել է կասեցնել վարակի արագ տարածումը․ նշվում է, որ որոշ ժամանակ անց աշխարհի հարյուրավոր երկրների պես այստեղ էլ վարակի երկրորդ ալիքն է բռնկվել՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասցնելով 683-ի։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 536 327-ի, որից  24 116-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 127 282 մարդ։