Դատի ենք տալու և ԱԱԾ հաղորդում ենք ներկայացնելու այն պատգամավորի վերաբերյալ, որը ֆերմերների մասով թաքուն և սխալ որոշում է ընդունել. Հրաչ Բերբերյան

12:35 • 27.03.20

Երկու օր առաջ ենք իմացել, որ ԱԺ-ում 2019 թվականին որոշվել է «ֆեմեային ասոցիացիաներ» բառը դարձնել «առևտրային կազմակերպություններ»: Փաստի առաջ են կանգնեցնում. ընդամենը մի բառ են փոխել, բայց իր մեջ շատ վտանգներ է պարունակում: Այս մասին այսօր լրագողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի ղեկավար Հրաչ Բերբերյանը՝ նշելով, որ դատական հայց է ներկայացնելու ԱԺ-ի դեմ «թաքուն և սխալ» որոշումներ կայացնելու համար:

Մասնագետը նշեց, 2019  թվականին պատգամավորներից մեկն իր անձնական բիզնեսը խթանելու համար գաղտնի կերպով մի որոշում է ընդունել ու «ֆեմերային ասոցիացիաներ» հասկացությունը դարձրել է «առևտրային կազմակերպություններ»:

«Այստեղ երկու նպատակ կա. կա՛մ ինքը ուզում է այս բիզնեսն իր ձեռքը վերցնել, որովհետև ոչ քննարկում է արել, ոչ էլ, ինքնագլուխ ընդունել են այդ որոշումը: Մենք ԱԱԾ էլ ենք հաղորդում տալու»,- ասաց նա և հավելեց, որ նման որոշումը հանգեցրել է նրան, որ ֆերմերները խնդիրներ են ունենում մաքսատներում, որովհետև իրենց պարտադրում են դառնալ առևտրային կազմակերպություն:

Ըստ նրա՝ ազատ մրցակցությունն այս որոշմամբ դուրս են շպրտել և թողել են միայն մոնոպոլ հասկացությունը: Բերբերյանը դիտարկեց, որ Կառավարությունը փորձում է բաց, թափանցիկ աշխատել, սակայն պատգամավորներ կան, որոնք միայն անձնական շահերով են շարժվում:

Բերբերյանը խոսեց նաև Կառավարության՝ գյուղատնտեսական վարկերի վերաբերյալ նոր որոշումների մասին: Ըստ Բերբերյանի՝ սխալ է կառավարության այն որոշումը, որ գյուղատնտեսական ոլորտի ծրագրերը պետք է կապել բանկերի հետ:

«Բանկերը գյուղացու թալանչիներն են, գյուղացու սնանկացման աղբյուրն են: Կառավարությունը չպետք է վստահեր բանկերին: Համոզված ենք՝ Կառավարության շատ անդամներ կողմ են Գյուղատնտեսության նախարարության վերականգմանը, կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն էլ համոզվեց, որ նախարարությունը փակելը սխալ էր»,-ասաց նա:

Բերբերյանի խոսքով՝ Կառավարության ծրագիրը լավն է, իրատեսական է, բայց թերությունները շատ են, օրինակ՝ այն մասով, որ եթե բանը հասնի գրավ տրամադրելուն, ապա գյուղացին չի կարող գրավ տալ: Նա կոչ արեց վարչապետին և փոխվարչապետին, որ հետևողական լինեն:

Մանրամասները՝ տեսանյութում։