Թրամփը խոստացել է առաջիկայում իր «բարեկամ երկրներին» թոքերի արհեստական օդափոխության սարքեր տրամադրել․ Daily Mail

14:08 • 28.03.20

ԱՄՆ-ն զգալի քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր կարտադրի, որը կբավարարի ոչ միայն երկրին, այլև դրա կարիքն ունեցող մյուս երկրներին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է Daily Mail-ը։

«Իտալիային պետք են թոքերի արհեստական օդափոխության ապարատներ, Իսպանիային պետք են, Գերմանիային՝ նույնպես, նրանք բոլորը խնդրում են թոքերի արհեստական օդափոխության սարքեր։ Մենք կարտադրենք զգալի քանակությամբ սարքեր, և մեր կարիքները բավարարելուց հետո կօգնենք նաև մյուս երկրներին»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը նաև հայտարարել է, որ դրանք պատրաստ կլինեն առաջիկա ամիսների ընթացքում:

«Առաջիկա 100 օրվա ընթացքում մենք կա՛մ կպատրաստենք, կա՛մ որևէ այլ ճանապարհով ձեռք կբերենք ավելի քան 100 հազար լրացուցիչ սարք», - ասել է նա:

«Ամբողջ աշխարհում կան երկրներ, որոնք մեր բարեկամներն են, և մենք կօգնենք այդ երկրներին։ Մենք այնպիսի վիճակում ենք գտնվում, որ կարող ենք անել այն, ինչ այլ երկրներ չեն կարող», - հայտնել է ԱՄՆ նախագահը։

Վերջին տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 600 000-ը։ Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 27 417-ի, ապաքինվածներինը՝ 133 426-ի: