Ինքնամեկուսացման պայմանները խախտած քաղաքացիներից 1889-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության. 48 վարորդ ենթարկվել է վարչական տույժի. փոխոստիկանապետ (տեսանյութ)

14:01 • 28.03.20

ՀՀ-ում ինքնամեկուսացման պայմանները խախտած քաղաքացիներից 1889-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության: Այս մասին այսօր Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամուի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ խոսելով արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների մասին: 

Նա ներկայացրեց, որ ավտոմեքենաներում սահմանված քանակից ավել անձանց տեղափոխելու պատճառով 1843 դեպքով ուղևորներն իջեցվել են տրանսպորտային միջոցներից:

«48 դեպքով՝ ընդհանուր օգտագործման տրասպորտային միջոցների վարորդները ենթարկվել են վարչական տույժի՝ ավել ուղևոր տեղափոխելու պատճառով»,- ասաց նա և հավելեց, որ մնացած բոլոր ծառայությունները ևս իրականացվում են:

Հարցին, թե ընդհանուր որքան տուգանքներ են կազմվել արտարգ դրության ռեժիմը խախտելու համար, և որքանն են բողոքարկվել, փոխսոտիկանապետը գումարի չափ չնշեց և այն դիտարկմանը, թե ինչու նախնական ակտ չեն գրում, հետո միայն արդեն անցնում տույժերին, նա պատասխանեց, որ Ոստիկանությունն ամեն ինչ սահմանված կարգով է անում և ի սկզբանե ամեն ինչ զգուշացրել էին:

Հարցին, թե Ոստիկանությունն ինչպիսի մոտեցում պետք է ցուցաբերի, եթե անգամ բարձր տուգանքները չօգնեն, Մհրյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ չեն կարող բարձր տուգանքները չօգնել: «Մեր հասարակությունը գիտակցում է, թե ինչ կարևոր իրավիճակ է հիմա, և բոլորս պետք է գիտակցաբար փորձենք կատարել այն բոլոր պահանջները, որ կարողանանք շուտ հաղթահարենք այս վիրուսը»:

Ահազանգին, թե Գյումրու «Լաչինի միջանցք» կոչվող շուկայում դեռ շարունակվում է առևտուրը, փոխոստիկանապետն ասաց, որ ասուլիսից հետո կզբաղվեն այդ դեպքով: Նա նաև նշեց, որ Շիրակի մարզում արձանագվել է 176 իրավախախտում:

Հիշեցնենք, որ մարտի 26-ից Ոստիկանությունն պահովում է նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը: