Կորոնավիրուսի պատճառով ստեղծված արտակարգ իրավիճակը չի հարկադրում ունենալ ազգային փոխադրող, օտարերկրյա ավիաընկերությունների միջոցով էլ հնարավոր է իրականացնել չարտերային չվերթեր. Գալուստ Պողոսյան
ՌԴ կառավարության կողմից մարտի 27-ից կանանավոր և չարթերային թռիչքները դադարեցնելու պատճառը ինչ խնդիրներ կարող է ստեղծել ՀՀ համար, ազգային ավիափոխդրողի անհրաժեշտության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանի հետ:
- Պարոն Պողոսյան, ՌԴ կառավարությունը կարգադրել է մարտի 27-ից ամբողջովին դադարեցնել կանոնավոր և չարթերային ավիահաղորդակցությունը: Բացառություն կլինեն միայն այն չվերթները, որոնք ռուսաստանցիներին հայրենիք կվերադարձնեն:Սա ինչ խնդիրներ կստեղծի ՀՀ համար: Տարանցիկ օդային ի՞նչ ճանապարհ է մնում դրսում գտնվող ՀՀ քաղաքացիների համար, որ վերադառնան Հայաստան, քանի որ վերջերս ԱԳՆ-ն կոչ էր արել ՀՀ քաղաքացիներին վերադարձի համար ընտրել ՌԴ -ն:
-Ամբողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածմամբ պայմանավորված՝ ՀՀ և ՀՀ-ից չվերթեր իրականացնող ավիաընկերություններն ըստ նախնական ունեցած տեղեկությունների իրականացնելու են հետևյալ չվերթերը՝ «Ուրալ Էյրլայնզ» իրականացնելու է Սոչի-Երևան-Սոչի մարտի 28-ի չվերթերը, Կրասնոդար-Երևան-Կրասնոդար մարտի 27-ի չվերթը, «Աերոֆլոտ» իրականացնելու է Մոսկվա-Երևան-Մոսկվա մարտի 23-ից օրական 2 չվերթ, «ՍԻԲԻՐ» իրականացնելու է Մոսկվա-Երևան-Մոսկվա մարտի 20-ից օրական 1 չվերթ, «Նորդ Վինդ» իրականացնելու է Մոսկվա-Երևան-Մոսկվա 28-ի չվերթը, «Բելավիա» իրականացնելու է Մինսկ-Երևան-Մինսկ մարտի 30-ի, ապրիլի 8, 13, 18, 22, 25, 27, 29-ի չվերթերը:
Կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածմամբ պայմանավորված՝ հնարավոր են արագ զարգացումներ և չվերթերի փոփոխություններ։ Ուստի խնդրում ենք, հետևողական լինել և հետևել ժամ առ ժամ զարգացող իրադարձություններին։
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի լիազորությունների շրջանակում է թռիչքային և ավիացիոն անվտանգության ապահովումը։ Կոմիտեն իրականացնում է և իրականացնելու է շարունակական ռիսկերի գնահատում ստեղծված իրավիճակի հետ կապված, որպեսզի վերջինս բացասական ազդեցություն չունենա թռիչքների և ավիացիոն անվտանգության ապահովման վրա։
- Հայաստանն, ըստ էության, այժմ բաց մեկ ցամաքային սահման ունի՝ Լարսը, օդային հաղորդակցությունը սահմանափակ է ողջ աշխարհում, ՌԴ-ն էլ դադարեցնում է ավիահաղորդակցությունը, նախկինում Տիկին Ռևազյանը նշում էր, որ ազգային ավիափոխադրող պետք չէ Հայաստանին ու այդ ուղղությամբ քայլեր չի արվում, հիմա էլ չկա՞ ազգային ավիափոխդրողի կարիք:
- Նախկինում տիկին Տաթևիկ Ռևազյանը չի նշել, որ ազգային փոխադրող անհրաժեշտ չէ Հայաստանի Հանրապետության համար։ Տկին Ռևազյանը բացատրել է, թե ինչ է ազգային փոխադրողը և տեղական փոխադրողը։ Սույն արտակարգ իրավիճակը որևէ ձևով չի փոխում ազգային փոխադրող կոչումը։
ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները, ինչպես օրինակ «Atlantis European Airways», «Aircompany Armenia» ավիաընկերությունները, ծառայություններ են մատուցում ՀՀ համար՝ չնայած այն հանգամանքին, որ դրանք չունեն ազգային փոխադրող կոչումը։ Ներկայումս ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները պատրաստ են իրականացնել չարտերային չվերթեր՝ ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնելու համար։ Որպես ապացույց կարող ենք բերել «Atlantis European Airways» հայկական ավիաընկերության ինքնաթիռով ս․ թ․ մարտի 15-ին Հռոմից դեպի Երևան կազմակերպված հատուկ չվերթը, որը հնարավորություն տվեց Երևան տեղափոխել Իտալիայի տարբեր շրջաններում գտնվող և հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին։ ՀՀ-ում գրանցված «Aircompany Armenia» ավիաընկերությունը, որը նույնպես չունի ազգային փոխադրող կոչումը, իրականացրել է չվերթեր դեպի տարբեր երկրներ։ Ինչպես նկատում ենք վերոնշյալ օրինակներից, ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները կարող են իրականացնել չարտերային չվերթեր, եթե անգամ վերջիններս չունեն ազգային փոխադրողի կոչումը։
Անհրաժեշտ է նշել, որ օտարերկրյա ավիաընկերությունների կողմից նույնպես իրականացվում են չարտերային չվերթեր։ Դրա մասին է վկայում ս․ թ․ մարտի 25-ին «SkyUp» ուկրաինական ավիաընկերության կողմից Ուկրաինայի և Հայաստանի 150-ից ավելի քաղաքացիների տեղափոխումը Կիև-Երեևան-Կիև հատուկ չվերթով։
Կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման պատճառով ստեղծված արտակարգ իրավիճակը չի հարկադրում ունենալ ազգային փոխադրող, քանզի ոչ միայն հայկական, այլև օտարերկրյա ավիաընկերությունների միջոցով հնարավոր է իրականացնել չարտերային չվերթեր։ Որպես հավելում նշենք, որ պատվերի դեպքում ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները նույնպես կարող են իրենց ծառայությունները մատուցել ՀՀ սահմաններից դուրս։
- Եթե պարենային անվտանգությունից ելնելով ՀՀ-ն պարենի, արագ բեռնափոխադրման, անհրաժեշտ բեռի կարիք ունենա , ի՞նչ կերպ, ո՞ւմ միջոցով, ո՞ր ավիափոխադրողով է լուծելու այդ հարցը:
- Չնայած կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածմանը՝ ըստ անհրաժեշտության իրականացվում են կարգո չվերթեր տարբեր ընկերությունների պատվերներով՝ ապահովելով անհրաժեշտ ապրանքատեսակի ներկրումը դեպի ՀՀ ու արտահանումը ՀՀ-ից։ ՀՀ-ում գրանցված ցանկացած ավիափոխադրող կարող է իրականացնել բեռնափոխադրում՝ երկիրը պարենով ապահովելու համար։
- Նման իրավիճակներում, չարտերային չվերթները ի՞նչ խնդիր են լուծում, նրանց հնարավո՞ր է օգտագործել երկրի անվտանգության համար կամ երկրին անհրաժեշտ ինչ-որ հարցի լուծման համար:
- Չարտերային չվերթերը հիմնականում նպատակուղղված են մի շարք խնդիրների լուծմանը։ Նախ և առաջ չարտերային չվերթերի կազմակերպումը հնարավորություն է տալիս արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին օգնելու վերադառնալ հայրենիք, ինչը ստեղված իրավիճակում ամենահրատապ խնդիրներից է։ Անհրաժեշտության դեպքում չարտերային չվերթերի միջոցով հնարավոր է իրականացնել բեռնափոխադրում։










