«Բոլորի ապրանքը մնացել է, փչանում է». աշխատակիցները բողոքում են՝ Նոր Նորքի շուկան ապօրինաբար է փակվել (տեսանյութ)

17:08 • 28.03.20

Նոր Նորքի շուկան 4-րդ օրն է՝ չի աշխատում։ Աշխատակիցները Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ ընդհանուր մուտքը փակ է և տնօրինությունից ասել են, որ չպիտի աշխատեն, թե ինչ հիմնավորմամբ, նրանց խոսքով, պարզ չէ։

«Բոլորի ապրանքները մնացել է, փչանում է։ Անօրինական էին փակել։ Զանգել ենք տարբեր պատկան մարմինների, ասել են քանի որ դուք գյուղմթերք եք վաճառում՝ պիտի աշխատեք։ Այսօր, երբ մի խումբ աշխատակիցներով բողոքեցինք, տնօրինությունից ասացին, որ վաղվանից կարող ենք աշխատել»,- նշեցին աշխատակիցները։

Աշխատակիցներից ոմանք կարծում են, որ երկրում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակն օգտագործելով, տնօրինությունը փորձում է իրենց հանել շուկայից և մտադիր է տարածքն այլ նպատակներով օգտագործել։

«Մեգամոլ Արմենիա»-ի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը հերքեց այս վարկածը` ասելով, որ աշխատակիցներին հորդորել են պահպանել սանիտարահիգենիկ կանոնները, որը չի պահպանվել, այդ իսկ պատճառով փակել են շուկան։

«Քանի որ սանիտարահիգենիկ պայմանները չեն համապատասխանում, ես խնդրել եմ, որ շուկան կարգի բերեն, որից հետո կարող են աշխատել։ Շուկան աշխատել է մինչև համաճարակը և կշարունակի աշխատել, եթե հետևեն անվտանգության կանոններին»,- ասաց Դավիթ Մարտիրոսյանը։

Շուկայի աշխատակիցներն ասացին նաև, որ քիչ առաջ հայտնել են, թե որտեղ կա ՇՈՒԿԱ գրությունը, ապա հեռացնելու են։


Մանրամասները՝ տեսանյությում: