ՌԴ կառավարության նոր որոշումը որևէ կերպ չի ազդելու Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումների վրա․ Նիկոլ Փաշինյան
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը երկրի սահմաններին նոր սահմանափակումներ մտցնելու որոշում է կայացրել, որը որևէ կերպ չի ազդելու Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ռուսաստանի Դաշնության կառավարությունը երկրի սահմաններին նոր սահմանափակումներ մտցնելու որոշում է կայացրել, և այդ որոշումը որոշակի անհանգստություններ էր առաջացրել Հայաստանի բիզնես շրջանակներում, որովհետև շատերը կարծում էին, որ այդ որոշումները որոշակի ազդեցություն կունենան նաև Հայաստանի և Ռուսատանի միջև բեռնափոխադրումների վրա։ Նման անհանգստությունները տեղին չեն, որովհետև այդ որոշումը որևէ կերպ չի ազդելու հայաստանյան բեռների վրա։ Այս փաստը հաստատվեց նաև քիչ առաջ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ իմ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում»,- մանրամասնեց վարչապետը։
Նրա խոսքով՝ ինչպես բեռները տեղափոխվում էին Ռուսաստան և Ռուսաստանից Հայաստան, նույն ռեժիմն այդ որոշումից հետո շարունակվելու է։ «Իհարկե, վերջին օրերին որոշակի խնդիրներ կային, գիտեք, որ Լարսում երկար ժամանակ ձյուն էր, բացվեց ճանապարհը, որից հետո բեռնատարների շատ մեծ կուտակումներ կան։ Մենք վերջին օրերին ակտիվ աշխատում ենք մեր Ռուսաստանի և Վրաստանի գործընկերների հետ, որպեսզի բեռնատարների երթևեկությունը համակարգենք և բերենք բնականոն վիճակի։ Այդ թեմայով խոսակցությունները բավականի արդյունավետ են, և ես ուզում եմ շնորհակալություն հյատնել և Ռուսաստանի, և Վրաստանի մեր գործընկերներին կառուցողական երկխոսության համար»,- ասաց վարչապետ Փաշինյանը։
Նա համոզվածություն հայտնեց, որ առաջիկա օրերի ինտենսիվ աշխատանքի արդյունքում կկարողանան հարթել խնդիրը․ «Համենայնդեպս, վերջին օրերին իրավիճակը մի փոքր բարելավվել է։ Այդ իրավիճակը գիտեք, որ բարդանում է ընդհանուր առմամբ կորոնավիրուսային այս խնդիրների հետ, բայց մենք աշխատում ենք և հույս ունենք, որ կկարողանանք շատ արագ կարգավորել այդ հարցը»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակել տեղաշարժը պետական սահմանով: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում:
Խոսքը ավտոմոբիլային, երկաթուղային, հետիոտնային, ջրային և խառը սահմանային, ինչպես նաև ռուս-բելառուսական պետական սահմանի ցամաքային տարածքի անցակետերի գործունեության մասին է: Սահմանափակումներն ուժի մեջ են մտնելու մարտի 30-ի 00:00-ից:
Արգելքը չի տարածվի դիվանագետների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև դիվանագիտական կապի սուրհանդակների և պաշտոնական պատվիրակությունների վրա:
Սահմանով կթույլատրեն անցնել բեռնատար մեքենաների ռուս վարորդներին, նավերի անձնակազմերին, ինչպես նաև միջազգային երկաթուղային հաղորդակցության ջոկատներին:
Բացի այդ, սահմանափակումների կենթարկվեն ՌԴ այն քաղաքացիները, որոնք դուրս կգան երկրից հարազատի մահվան պատճառով:










