Ոստիկանները չեն կարող աշխատանքի չներկայանալ. սա ծառայություն է. փոխոստիկանապետը՝ ռիսկային խմբի ոստիկանների աշխատանքի մասին
Կառավարության մամուլի կենտրոնում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու են այս օրերին առողջական ռիսկային խմբում գտնվող ոստիկանության ծառայողներին պարտադրում աշխատանքի ներկայանալ, այն պարագայում, որ թեստը ևս ծառայողին ռիսկային խումբ է համարում, փոխոստիկանապետը պատասխանեց, որ ոստիկանները չեն կարող աշխատանքի չներկայանալ:
«Սա ոստիկանների համար ծառայություն է, ոչ թե աշխատանք, եթե ոստիկանը ծառայության չներկայանա, ապա կորոնավիրուսի հետ կապված որոշ խնդիրներ ուղղակի անհնար կլինի լուծել: Ոստիկանության ծառայողները իրենց ծառայաությանը ներգրավվում են հնարավորինս սահմանված կարգով»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք ռիսկային խումբ հանդիսացող ոստիկանների համար հատուկ գրաֆիկ կա, Մհրյանը պատասխանեց, որ չկա, որովհետև մեղմ գրաֆկի դեպքում՝ լրագրողները կգրեն, թե փողոցներում ոստիկաններ չկան:
Դիտարկմանը, թե ռիսկային խմբի մեջ կարող են մտնել նաև 50-ից բարձր տարիք ունեցող աշխատակիցները, փոխոստիկանապետը պատասխանեց. «Ես 50-ից բարձր ծառայողներին համարում եմ երիտասարդ ծառայողներ»:
Նշենք, որ փոխոստիկանապետը շրջանցեց հարցը, թե ինչու են Ոստիկանության ծառայողները օրվա սկզբից մինչև ավարտ նույն ձեռնոցներով և դիմակներով աշխատում:
Հիշեցնենք, որ մարտի 26-ից Ոստիկանությունն ապահովում է նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը:










