ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ ինչպես են ռուս զինվորական մասնագետներն ախտահանման աշխատանքներ իրականացնում Իտալիայում (տեսանյութ)

14:32 • 28.03.20

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ռուս զինվորական մասնագետներն իտալական Լոմբարդիա շրջանում ախտահանման աշխատանքներ իրականացնում․ տեսանյութը հրապարակվել է Պաշտպանության նախարարության յութուբյան էջում։

Տեսանյութի կադրերում մասնագետները պաշտպանիչ հագուստներով հատուկ հեղուկի միջոցով ախտահանում են Բերգամո քաղաքում գտնվող պանսիոնատի կահույքն ու ինտերիերի այլ իրեր։

Ինչպես նաև Լոմբարդիա շրջանում գտվող երկու բուժհաստատություններում Ռուսաստանից ժամանած մասնագետներն առաջիկա աշխատանքների ծավալները ճշգրտելու նպատակով համապատասխան գործողություններ են իրականացրել, հայտնի է դառնում ՌԴ պաշտպանության նախարարության կայքից։

Ռուսաստանը մարտի վերջին օդատիեզերական ուժերի Իլ -76 դասի մի քանի ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ է ուղարկել Իտալիա՝ այնտեղ հասցնելով վարակաբանության և համաճարակաբանության ոլորտի 100 մասնագետի, ինչպես նաև բժիշկների և քույրերի 8 խումբ։
Նախաձեռնությունն իրագործվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում Պուտինը խոստացել էր օգնել իտալական իշխանություններին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։