Իշխանությունները վախենում են, որ կձախողեն, դրա համար ավելի շատ ժամանակ ծախսում են սահմանափակումների, քան ճգնաժամի դեմ պայքարելու վրա. Դրյու Սալիվան
Կազմակերպված հանցավորությունը և կոռուպցիան լուսաբանող ծրագրի (Organized Crime and Corruption Reporting Program) հիմնադիր, խմբագիր Դրյու Սալիվանի խոսքով՝ գլոբալ ճգնաժամերի ժամանակ կառավարությունները միտում ունեն մարդու իրավունքների ոլորտում՝ տեղեկատվության և այլ ազատություններ սահմանափակելու: Tert.am-ը նրան էր դիմել՝ իմանալու կարծիքը, թե ինչպես է վերաբերվում ՀՀ իշխանությունների կողմից նոր կորոնավիրուսի տարածումը կանգնեցնելու համար հայտարարաված արտակարգ դրության պայմաններում մամուլի համար սահմանված սահմանափակումներին:
«Դա սխալ է,- ասաց նա՝ նշելով, որ ինքը հարցին պատասխանում է՝ անելով ընդհանուր դիտարկումներ,- դա հենց այն ժամանակն է, երբ կառավարությունները պետք է բաց լինեն»:
Ըստ նրա՝ եթե կառավարություններն ինչ-որ սխալ բան են անում, դա կարող է արժենալ շատ մարդկանց կյանքեր, իսկ քաղաքացիները պարտավոր են իմանալ, թե ինչ են կառավարությունները անում նրանց անվտանգության համար:
«Հաճախ կառավարություններն իրենց գործողություններում սխալներ են թույլ տալիս և դրանք առաջացնում են խնդիրներ, հաճախ նաև մահեր: Մենք ունենք իրավունք այդ մասին իմանալու: Մենք իրավունք ունենք կանխագուշակելու և վռնդելու մեր կառավարություններին, եթե դրանք ձախողում են մարդկանց»:
Փոխարենը, ըստ Դրյու Սալիվանի, իշխանությունները վախենում են, որ կձախողեն: «Դրա համար նրանք ավելի շատ ժամանակ ծախսում են սահմանափակումներ անելու, քան ճգնաժամի դեմ պայքարելու վրա: Մենք տեսնում ենք, որ կառավարությունները սահմանափակում են մամուլի ազատությունը: Դա ոչ մի կերպ չի օգնի համաճարակի դեմ պայքարելուն: Մենք տեսնում ենք, որ կառավարությունները շրջանցում են տենդերները և տենդերների պահանջները: Դա նույնպես իրադրությունը վատթարացնում է: Կառավարության կողմից նման քայլերը մեծամասամբ անարդյունավետ են»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում արտակարգ դրություն հաստատվելուն պես ՀՀ կառավարությունը ներկայացրեց նաև լրատվամիջոցների աշխատանքին վերաբերող սահմանափակումներ, որոնք ըստ իշխանությունների, պետք է նպաստեին՝ երկրում խուճապի բացառմանը:
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը մտահոգություն էր հայտնել կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության տարածման դեմ մարտի 23-ին Հայաստանում ընդունված Վարչական և Քրեական օրենսգրքերում փոփոխությունների փաթեթների առնչությամբ:
«Ես ամբողջովին հասկանում եմ նոր օրենքի նպատակը` խուսափել խուճապից և ագրեսիայից և պայքարել կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության դեմ: Միևնույն ժամանակ ԶԼՄ-ները պետք է վճռորոշ դեր խաղան բնակչությանը կարևոր տեղեկություններ հաղորդելու գործում և պայքարեն համավարակի վերաբերյալ կեղծ լուրերի դեմ: Օրենքը չպետք է խանգարի լրագրողների աշխատանքին և նրանց կողմից համավարակի վերաբերյալ տեղեկությունների հրապարակման կարողությանը: Միայն իշխանությունների տրամադրած տվյալների հրապարակումը խիստ սահմանափակող քայլ է, որը սահմանափակում է ԶԼՄ-ների ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը»,- հայտարարել էր ԵԱՀԿ ներկայացուցիչը:
Հռիփսիմե Հովհաննիսյան










