Շարժվեք տիկնայք և պարոնայք, հապաղելը վտանգավոր է․ ըստ Դավիթ Սանասարյանի՝ Արցախում պարտավոր են հետաձգել ընտրությունները
Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել, որում անդրադարձել է Արցախում նախատեսվող համապետական ընտրություններին՝ կոչ անելով հետաձգել այն։ Սանասարյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Հասկանալի պատճառներով քաղաքական զսպվածություն էի դրսևորում, բայց Հայաստանի (Արցախը՝ ներառյալ) անվտանգությունն ամեն ինչից վեր է։
Արցախում պարտավոր են հետաձգել ընտրությունները և վերջ։
Ոչ մի պաշտոն, ոչ մի քաղաքական միջոցառում չի կարող քաղաքացու ու պետության շահից կարևոր լինել։
Երևանում գիտակցվեց համաճարակի տարածման պայմաններում հանրաքվեի դադարեցման անհրաժեշտությունը, Արցախում ևս, առանց որևէ պատճառաբանության, պետք է դադարեցվեն ընտրական պրոցեսները։
Եթե գիտակցություն չկա, ազգային անվտանգության ցանկացած սպառնալիք չեզոքացնում են ուժով։ Այնպես, որ շարժվեք տիկնայք և պարոնայք, հապաղելը վտանգավոր է։
Մանրամասների ու նրբությունների մասին չասեմ, ինձնից լավ գիտեք»։










