Նույն իրավիճակն է, ինչ 2016թ.-ի Ապրիլյանի օրերին. Վիտալի Բալասանյանն Աշոտ Ղուլյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Արցախում արտակարգ դրություն չի հայտարարվում
ԱԺ-ն իր համապատասխան հանձնաժողովի կողից լսումներ է կազմակերպել, և մասնագետների հետ քննարկվել է կորոնավիրուի տարածման հնարավորությունը:
Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում կայացած հեռուստաբանավեճին ասաց նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը՝ պատասխանելով Վիտալի Բալասանյանի հարցին, թե ինչո՞ւ Արցախում արտակարգ դրություն չի հայտարարվում:
«Վերջին ամիսներին մենք տեսանք, որ կորոնավիրուսը թևակոխել է, Եվրոպան ու Ամերիկան չեն կարողանում դրա դեմն առնել, իսկ մենք մարտի 15-ին բարձրաձայնել ենք և առաջարկել ենք, որ մտցվի արտակարգ դրություն: Ինչո՞ւ ԱԺ-ն առ այսօր նիստ չի հրավիրել կամ քննարկել այդ հարցը»,- հետաքրքրվեց Բալասանյանը:
«Մեր օրենսդրությունը լավ գիտեք. եթե երկրում այլ կարգի իրավիճակ է, պետք է որևէ իրավական կարգավորում լինի, ապա այստեղ խորհրդարանն առաջնային դիրք չունի: Ես կառաջարկեի, քանի որ Դուք նույնպես խորհրդարանում ժամանակին ունեիք խմբակցություն, գուցե հենց Ձեր խմբակցության միջոցով կարողանայիք այդ նախաձեռնությունը ներկայացնել: Ես չեմ կարծում, որ ԱԺ-ն խուսափում է դրանից, մենք ամեն օր էլ հավաքվում ենք: Մեծամասնությունը դադարեցրել է ակտիվ քարոզչությունը՝ փորձելով պետական կառավարման համակարգի միջոցով տարբեր կտրվածքներում անդրադառնալ այդ հարցին և իրավիճակի ստուգում անցկացնել»,- պատասխանեց Ղուլյանը:
Բալասանյանն արձագանքեց, թե իրենք հետագայում ներկայացրել են առաջարկի իրավական հիմնավորումները թե՛ հանրությանը, թե՛ հանրապետության նախագահին: «Նույնն է, որ 2016թ.-ի Ապրիլյանի օրերին մենք ռազմական դրություն չենք հայտարարել»,-ասաց նա:
Ղուլյանն էլ նշեց, թե Ապրիլյանի ժամանակ ռազմական դրություն չեն հայտարարել, որովհետև արդեն իսկ ռազմական դրության մեջ են եղել:










