Չինաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածության 45 դեպք է գրանցվել
Մայրցամաքային Չինաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 45 դեպք, ընդհանուր դեպքերի թիվը հասել է 81 439-ի, 5 մարդ մահացել է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով պետական կոմիտեին:
Այս տվյալները հաշվի առնելով կորոնավիրուսի զոհերի թիվը մայրցամաքային Չինաստանում հասել է 3300-ի:
Նշվում է, որ վերջին օրվա ընթացքում գրանված 45 հիվանդներից 44-ը Չինաստան է եկել այլ երկրներից: Իշխանությունների տվյալներով 75 448 մարդ բուժվել ու դուրս է գրվել հիվանդանոցներից:
Համաճարակի էպիկենտրոն Հուբեյ նահանգում վերջին օրվա ընթացքում վարակման ոչ մի դեպք չի գրանցվել, հիվանդանոցներից դուրս է գրվել 467 մարդ` բոլորը Ուհանից, մահացել է 5 մարդ, բոլորն էլ Ուհանում:
Հոնկոնգում գրանցվել է վարակման 902 դեպք (4 մարդ մահացել է, 112-ը առողջացել), Մակաոյում` 37 դեպք (10-ը առողջացել է), Թայվանում` 283 դեպք (2-ը մահացել է, 30-ը` բուժվել):
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 664 290-ի, որից 30 890-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 142 366 մարդ։










