Թուրքիայում 2019թ. ընտրված 65 համայնքապետներից այսօր պաշտոնավարում է միայն 18-ը
Թուրքիայում 2019թ․ մարտի 31-ին տեղի ունեղցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում 65 համայնքներում հաղթել էին քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամները: Այս մասին գրում է tr724.com կայքը:
Սակայն ընտրված 65 համայնքապետներից այսօր շարունակում է պաշտոնավարել ընդամենը 18-ը:
Համայնքապետների պաշտոնից հեռացման գործընթացը սկսվել է անմիջապես ընտրություններից հետո: Ընտրություններից ընդամենը 10 օր անց` ապրիլի 10-ին, Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուների դիմումի հիման վրա քրդամետ կուսակցությունից ընտրված 6 համայնքապետներին մերժել է մանդատ տրամադրել` նշելով, որ օրենքի ուժ ունեցող որոշմամբ այս անձինք զրկվել են պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Նրանց փոխարեն պաշտոնները զբաղեցրել են ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած իշխող կուսակցության թեկնածուները:
2019թ․ օգոստոսին քրդամետ կուսակցությունը ներկայացնող քաղաքապետների փոխարեն հոգաբարձուներ են նշանակվել Դիարբեքիր, Մարդին, Վան խոշոր քաղաքներում: Հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում հոգաբարձուներ են նշանակվել ևս 29 համայնքապետարաններում, որոնց ղեկավարները կրկին քրդամետ կուսակցությունից էին: Սա տեսնելով, Բափմանի շրջանի համայնքապետերից մեկը հրաժարական է տվել` պաշտոնից հեռացվելու մտավախությամբ:
2020թ․ մարտի 13-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշմամբ պաշտոնից հեռացվել է ևս 8 համայնքապետ, այն պատճառաբանությամբ, որ նրանց դեմ հետաքննություն է իրականացվում:
Այսպիսով` մեկ տարի առաջ քրդամետ կուսակցությունից ընտրված 65 համայնքապետերից այսօր պաշտոնավարում է միայն 18-ը:










