Զանգերը ֆիքսելու նախագիծը զանգերը լսելու մասին չէ, խոսքը հեռախոսազրույց ունենալու փաստի մասին է. Ռուստամ Բադասյանը՝ Նաիրա Զոհրաբյանին (տեսանյութ)
Միշտ էլ լսել են հեռախոսները, լրագրող ժամանակից ես այդ ռիսկային խմբում եմ եղել, այնպես որ իմունիտետ ունեմ․ այսօր էլ լսում են, ամեն ինչ էլ լսում են, ի՞նչն է ձեզ այդքան հետաքրքրիր, ես չգիտեմ։ Այս մասին Աժ-ում համաճարակի հետևանքով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագծի քննարկմանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանը հակադարձեց՝ ասելով, որ այս նախագիծը զանգերը լսելու մասին չէ, խոսքը հեռախոսազրույց ունենալու փաստի մասին է՝ առանց դրա բովանդակությանը ծանոթանալու, նույնը նաև կարճ հաղորդագրություններին է վերաբերվում:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե ով է տիրապետելու այդ հավաքված հսկայական տեղեկությանը, որին ի պատասխան Բադասյանը նշեց՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն։
Նաիրա Զոհրաբյանն էլ հակադարձեց՝ իսկ ո՞վ է վերահսողկություն իրականացնելու ոստիկանության և ԱԱԾ-ի նկատմամբ. «Ո՞վ է վերահսկելու, որ ինչ որ պահի իրենց մտքով չի անցնի անձի ապաանձնավորված կոդը անձնավորել և բովանդակությանը ծանոթանալ, ինչ-ինչ նպատակներով այն օգտագործել»,- հարցրեց պատգամավորը:
«Իսկ հիմա ո՞վ է իրականցնում վերահսկողություն ԱԱԾ-ի և ոստիկանության գաղտանլսումների մասով: Այս դեպքում խոսքը գաղտնալսման մասին չէ, վերահսկողությունը կայանում է նրանում, որ դա հնարավոր է իրականացնել բացառապես դատական սանկցիայով, ցանկացած այլ գաղտնալսում իրենից հանցագործություն է ներկայացնում և տվյալ անձը ենթակա է քրեական պատասխանատվության, նույն վերահսկողական միջոցառումներն են»,- պատասխանեց Բադասյանը:










