«Ես թագուհու մեծ երկրպագուն եմ, բայց...»․ Թրամփը հրաժարվել է վճարել արքայազն Հարիի և կնոջ անվտանգության ծախսերը, Սասեքսներն արձագանքել են
Ամերիկյան իշխանությունները չեն վճարի, լրատվամիջոցների հաղորդմամբ, ԱՄՆ-ում գտնվող Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի անվտանգության ապահովման ծախսերը: Այս մասին մարտի 29-ին Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես թագուհու և Մեծ Բրիտանիայի ընկերն ու մեծ երկրպագուն եմ։ Լուրեր են շրջանառվում, որ Հարին և Մեգանը, որոնք լքել են թագավորությունը, մշտական բնակություն են հաստատելու Կանադայում: Այժմ նրանք Կանադայից ԱՄՆ են եկել, սակայն Միացյալ Նահանգները չի վճարի նրանց անվտանգության ապահովման ծախսերը։ Նրանք պետք է վճարեն»,- գրել է Թրամփը։
Այս գրառմանն ի պատասխան Սասեքսի դքսի և դքսուհու պաշտոնական ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում է BBC-ն, հայտնել է, որ արքայազն Հարին և նրա ընտանիքի անդամները մտադիր չեն ԱՄՆ իշխանություններից պահանջել վճարել իրենց անվտանգության ծախսերը։
«Դուքսն ու դքսուհին մտադիր չեն ամերիկյան կառավարությանը խնդրել միջոցներ հատկացնել իրենց անվտանգությունն ապահովելու համար։ Անվտանգության կազմակերպումն արդեն վճարվել է մասնավոր աղբյուրներից», - հայտարարել է ամուսինների ներկայացուցիչը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին ինքնամեկուսացել են Լոս Անջելեսում, որտեղ վերջերս էին տեղափոխվել Վանկուվերից։










