«Ինձ համար կարևոր է անկեղծ լինել ձեզ հետ»․ Ջոնսոնը հայտնել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Մեծ Բրիտանիայում «դեպի վատն է գնալու»․ The Hill

11:48 • 30.03.20

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բրիտանացիներին նամակ է հղել՝ հայտնելով, որ յուրաքանչյուր ոք քաջ գիտակցում է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը «դեպի վատն է գնալու, նախքան լավը գնալը», գրում է The Hill-ը։

Նամակում, որը Ջոնսոնի գրասենյակը հրապարակել է Twitter-ում, Մեծ Բրիտանիայի վարչապետը, մասնավորապես, ասում է․ «Ինձ համար կարևոր է անկեղծ լինել ձեզ հետ, մենք գիտենք, որ ամեն ինչ դեռ ավելի վատ կլինի, նախքան լավ լինելը։ Մենք ճիշտ պատրաստություններ ենք տեսնում, և որքան շատ հետևենք հրահանգներին, այնքան քիչ կյանքեր կզոհենք ու այնքան շուտ կվերադառնանք կյանքի բնականոն հունին»,- գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

«Արտակարգ դրության այս պահին ես կոչ եմ անում ձեզ, խնդրում եմ մնալ տանը, պաշտպանել ու փրկել կյանքեր», - հավելել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ 

Նա հայտնել էր, որ ներկայում ինքնամեկուսացել է, սակայն կշարունակի առաջնորդել կառավարության պայքարն ընդդեմ վարակի:

Մեծ Բրիտանիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 19 522 դեպք, որից 1 228-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 135 մարդ։

Վերջին տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 700 000-ը։ Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 33 976-ի, ապաքինվածներինը՝ 151 766-ի: