Նյու Յորքի կենտրոնական զբոսայգում կորոնավիրուսով հիվանդների համար դաշտային հիվանդանոց է կառուցվում․ The Hill (լուսանկարներ)
Samaritan's Purse քրիստոնեական մարդասիրական կազմակերպությունն ԱՄՆ-ում կորոնավիրուսի համաճարակի ֆոնին Նյու Յորքի կենտրոնական զբոսայգում սկսել է դաշտային հիվանդանոց կառուցել, հաղորդում է The Hill-ը։
Նյու Յորքն այս պահին ԱՄՆ-ում համավարակի էպիկենտրոնն է համարվում։ Քաղաքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 678 մարդ, հաստատվել է 32 308 դեպք։ Իշխանությունները պատրաստվում են համաճարակի գագաթնակետին, որը, ըստ հաշվարկների, տեղի կունենա 3 շաբաթից։
Նյու Յորքի նահանգ են ժամանել ինժեներական զորքեր՝ լրացուցիչ հոսպիտալներ կառուցելու համար, քանի որ իշխանությունները մտավախություն ունեն, որ հիվանդանոցները չեն կարողանա ընդունել հիվանդների նման հոսքը:
Նյու Յորքի կենտրոնական զբոսայգում՝ The Mount Sinai կլինիկայի դիմաց, արդեն սպիտակ վրաններ են հայտնվել։ Սպասվում է, որ հիվանդանոցի կառուցումն ավարտին կհասցվի հաշված օրերի ընթացքում, գրում է աղբյուրը։
«Սա 68 մահճակալից բաղկացած դաշտային հիվանդանոց է։ Այստեղ կա 10 մահճակալ, որոնք հագեցած են ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման համար, կարող են տեղադրվել արհեստական շնչառության սարքեր: Հիվանդանոցում կարող է աշխատել 60-70 բժիշկ», - հայտնել է խմբի ղեկավարը։
ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 142 178 դեպք, որից 2 484-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 4 559 մարդ։
Վերջին տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 700 000-ը։ Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 33,976-ի, ապաքինվածներինը՝ 151,766-ի:















